Արդեն 43 օր շրջափակված Արցախի քաղաքացիական բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատակարարման խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների փաստերը։
Պաշտպանը նշել է՝ ցուրտ եղանակային պայմաններում, երբ Արցախի տարածքում միջին ջերմաստիճանը տատանվում է -2...+2 աստիճանի միջակայքում, երբեմն հասնելով նաև -5 ի, բնակելի տները, տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերը, բոլոր տեսակի կրթական և առողջապահական հաստատություններն ու մասնավոր ձեռնարկությունները, պետական հիմնարկները գազը օգտագործում են որպես ջեռուցման հիմնական միջոց, գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան - Հայաստանից դեպի Արցախ եկող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։ Բնակիչներին մատակարարվում է տեղում արտադրվող էլեկտրաէներգիա, որի ծավալների անբավարարության պատճառով, բնակչությունը էլեկտրականություն է ստանում 6-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով, որը գրեթե անհնար է դարձնում գազի մատակարարմամբ ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է՝ գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակ օգտագործումն ուղիղ ազդում են ընտանիքներում սննդի բնականոն կազմակերպման վրա։ Էլեկտրականության խնայողության նպատակով պետական հաստատությունները հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, որը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի վրա։
Ստեփանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի բնականոն կազմակերպման վրա: Ջեռուցում չունենալու պատճառով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները, ինչը հանգեցրել է 20.000-ից ավելի երեխայի կրթության իրավունքի խախտմանը։ Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։
Գեղամ Ստեփանյան - Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Այս պահին Արցախում ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ, այդ թվում՝ 45 երեխա։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։ Գազամատակարարման խափանումների և էլեկտրաէներգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։
Զեկույցում նշվում է, որ համայնքներում հանրային տրանսպորտը պատշաճ չի աշխատում, աղբահանության կազմակերպման հետ կապված ևս կան խնդիրներ, քանի որ հանրային տրանսպորտի և աղբահանության համար օգտագործվող մեքենաները աշխատում են գազով, բենզինով և դիզվառելիքով, իսկ շրջափակման պայմաններում առկա է էներգակիրների սղություն։ Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։