Մոտ 300 մասնակից մի քանի տասնյակ երկրներից. Իրանը վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր. Թեհրանում անցկացվեց «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»:
Ինչպես կարևորել կանանց դերը աշխարհում, ինչպես օգտագործել նրանց ներուժը խաղաղություն հաստատելու գործում: Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և Իրանի նախագահի կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի կազմակերպած միջոցառման նպատակը բազմաթիվ խնդրահարույց հարցերի պատասխաններն ու լուծումները գտնելն է կանանց օգնությամբ:
Չինաստանի, Ճապոնիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության ու այլ երկրների հետ համագումարին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ: Հունվարի 18-ին՝ այցի առաջին օրը, հանդիպում կայացավ Իրանի առաջին տիկնոջ հետ: Խաղաղություն, սեր և համերաշխություն տարածելու գաղափարը լավն է և չափազանց կարևոր, ու շատ երկրներ կիսում են այս գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը՝ գործընկերոջ հետ զրույցում ընդգծեց վարչապետի տիկինը: Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ համագումարը արդյունավետ կլինի՝ օրինակ ծառայելով աշխարհի համար: Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր գնահատեց Աննա Հակոբյանի ներկայությունը և նշեց՝ իրանական կողմը մեծ հույսեր ունի, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները:
Նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները տարածված չեն աշխարհում, իսկ մեր տարածաշրջանում՝ բացառիկ: Եվ եթե ցանկություն լինի ու շատ աշխատանք տարվի, այն կարող է լավ նախադեպ դառնալ և շարունակական բնույթ կրել՝ արդեն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կազմակերպած ընդունելության ժամանակ ելույթում նշեց Աննա Հակոբյանը: Աշխարհում կանանց իրավունքները պաշտպանելու գործում համագումարի մասնակիցները մեծ դեր կարող են ունենալ՝ եզրափակիչ խոսքում ընդգծեց նախագահ Ռայիսին: Համագումարը կօգնի լուծելու այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց կանայք բախվում են, և կնպաստի կանանց դերի ու ազդեցության մեծացմանը, ընդգծեց հարևան երկրի նախագահը:
«Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարն» անցկացվեց հունվարի 20-ին, մեր պատվիրակության կազմում էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետի տիկինը իր ելույթներից մեկում ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում կանանց ներգրավվածությանը մակարդակը` քաղաքականության, առողջապահության, կրթության ոլորտներում և զինված ուժերում: Հակոբյանի ելույթի առանցքում, սակայն, Հայաստանի խնդիրներն էին.
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Մեծարգո տիկնայք, բոլորիդ հայտնի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած շրջանում ռազմական գործողությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մեր երկրում հարյուրավոր ընտանիքներ մինչ օրս սպասում են Ադրբեջանում գերության մեջ գտնվող իրենց ազգականներին, սևազգեստ մայրերը՝ իրենց զավակներին: Շատ ընտանիքներ մինչև հիմա չեն կարողանում հողին հանձնել իրենց զինված հարազատների աճյունները: Իմ հայրենակից բազմաթիվ քույրեր, ովքեր ընտրել էին հայրենիքի պաշտպանության անձնվեր ուղին, ադրբեջանցիների կողմից ենթարկվել են դաժան կտտանքների, պղծությունների և դիակապտության:
Այսօր էլ Ադրբեջանում անօրինական գերության մեջ են շարունակում պահվել ռազմագերիներ, անհետ կորած են համարվում ավելի քան 200 իմ հայրենակիցներ:
Իրավիճակն էլ ավելի է սրվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, քանի որ ադրբեջանական կողմը, կեղծ բնապահպանական պատրվակով, փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհը՝ շուրջ 120 հազար հայ մարդու զրկելով առողջապահական և կենսական անհրաժեշտ պայմաններից, պատշաճ կրթություն ստանալու իրավունքից, բառիս բուն իմաստով խզելով բազմաթիվ մարդկանց՝ ծնողի և զավակի, ամուսինների, ազգականների ու հարազատների միջև կապը:
Այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ դա կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է միջազգային հանրության հասցեական ու դատապարտող արձագանքը:
Աննա Հակոբյանը ներկաների համար պարզաբանեց նաև, որ բնապահպանական ակցիայի կեղծ լինելը բացահայտվել է բազմաթիվ միջազգային հարթակներում, ապացուցվել ադրբեջանցի զինվորականների ներկայությունը:
Ամենօրյա բախումների, պատերազմների, ահաբեկչությունների ֆոնին Աննա Հակոբյանը մասնակիցներին հանուն խաղաղության գաղափարի միավորման կոչ արեց:
Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են՝ եզրափակիչ ելույթում շեշտեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյան - Կանանց դերն ու ունեցած ազդեցությունը պետք է ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր ժողովուրդների կյանքում՝ ինչպես կրթական, մշակութային, առողջապահական ու բազում այլ ոլորտներում ունեցած ներդրումների, այնպես էլ խաղաղության դարաշրջան բացելու, գոյություն ունեցող թշնամական ատելությունը հաղթահարելու գործում ունեցած դերակատարման համար: Սակայն ճանաչել միմյանց և չատել՝ չի նշանակում թուլանալ ու պարտվել: Ատելությունն ու դրա քարոզը չեն բարձրացնում հանրության ինքնապաշտպանության ներուժը, հակառակը՝ դրանք շղթայում են մարդկանց՝ պատանդելով նրանց ու նրանց սերունդներին:
Սիրելի՛ տիկնայք, եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը:
Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ու անցկացնել «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը»: Կազմակերպիչ կողմը ողջունեց գաղափարը, և երկրորդ համագումարն առաջիկայում կանցկացվի Հայաստանում:
Համագումարի ավարտին հուշագիր ստորագրվեց, ըստ որի մասնակից բոլոր երկրները կգործակցեն գիտական, մշակութային, առողջապահական, սպորտի ոլորտներում։
Ըստ փաստաթղթի՝ պետք է ստեղծվի գենդերային հավասարության հարթակ և ֆոնդ, որտեղ հավաքված գումարը կհանձնվի ամեն տարի անցկացվող փառատոնի հաղթողներին: Համագումարին մասնակից առաջին տիկինները նաև նամականիշ են մարել և կարևոր ներդրում կատարած ազդեցիկ մի քանի կանանց մրցանակներ հանձնել։
Ֆորումի եզրափակիչ նիստից հետո Իրանի առաջին տիկինը առանձնազրույցներ է ունեցել Աննա Հակոբյանի և Անահիտ Ավանեսյանի հետ, քննարկել են հաջորդ ֆորումի կազմակերպչական և առողջապահական ոլորտում գործակցության նոր եզրեր գտնելու հարցեր:
Իրան այցի ընթացքում վարչապետի տիկինն այցելել է նաև Ղոմ քաղաք, եղել ըստ ավանդության Մուհամմեդ մարգարեի ծոռ համարվող Մասումեի դամբարանում: