Հարկային եկամուտները նախորդ տարի կազմել են 1 տրիլիոն 926 մլրդ դրամ. դա 2021-ի համեմատ ավելի է 21 %-ով: Այսօր զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է ռեկորդային թվով՝ 704 հազար աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս ռեկորդային է՝ 230 հազար դրամ: 2022-ին շահառուներին հիփոթեէային վարկերի գծով վերադարձվել է 36 մլրդ դրամ եկամտային հարկ, շահառուները 29 հազար են: Եկամտային հարկի վերադարձից օգտվողների թիվը վերջին տարիներին կտրուկ ավելացել է, օրինակ՝ 2017-ին արտոնությունից օգտվել է ընդամենը 2400 շահառու: Վարչապետին զեկուցվել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակի ներդրման, փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման ժամկետի կրճատման մասին:
ՊԵԿ նախագահը մանրամասներ է ներկայացրել համալիր հարկային ստուգումների ռիսկային չափանիշների վերանայման, «Թեմատիկ ուսումնասիրություն» հսկողության տեսակի սահմանման և հարկ վճարողների բողոքները քննելու նոր մեխանիզմի սահմանման մասին: Վերլուծությունների արդյունքում բազմաթիվ հարկ վճարողների ճշգրտել են իրենց պարտավորությունները՝ 31 մլրդ դրամով:
Անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցման աշխատանքներին: Նշվել է, որ կրճատվել է պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների ներկայացվածությունը: Դեկտեմբերի 1-ից սահմանային կետերում հսկողությունն իրականացվում է միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի և մաքսային մարմինների կողմից: Նախնական հայտարարագրերի համակարգի ներդրման շնորհիվ հնարավորություն է ընձեռվել ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին 24/7 ռեժիմով, ինչի շնորհիվ ապրանքների բացթողնման ժամանակահատվածը էապես կրճատվել է:
Առաջիկա ծրագրերից կարևորվել են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, iTRADE-ը, բիզնես պրոցեսների շարունակական վերանայման, ավտոմատ բացթողնման համակարգի ինստիտուտի գործարկումը և ռեզերվների ստեղծման նպատակով լավագույն սարքավորումների ձեռքբերումը:
Ներկայացվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է հարկ վճարողների և Ազատ տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման որակի բարձրացման մասին: Տեխնոլոգիական առաջընթացի մասով ընդգծվել է թույլատվական փաստաթղթերի մեկ պատուհան, կշեռքների կենտրոնացված համակարգերը:
Փաշինյանը կարևորել է հարկային և մաքսային ոլորտում էլեկտրոնային համակարգերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Վարչապետը հանձնարարել է մաքսային բնագավառում հետևողական աշխատանքներ տանել կապիտալ ծրագրերի, մասնավորապես, սահմանային անցման կետերի, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների ընթացակարգերի պարզեցման ու բարելավման ուղղությամբ: