Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Բեռլինը չի միջամտի, եթե Վարշավան իր տրամադրության տակ եղած գերմանական Leopard 2 տանկերն ուղարկի Ուկրաինա։
«Ես հասկանում եմ, թե նրանց ինչքան շատ են պետք այդ տանկերը, այդ պատճառով էլ մեր բոլոր գործընկերների հետ քննարկման փուլում ենք»,- ասել է նախարարը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ ՄքՔալն էլ ABC News-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ը պետք է առնվազն մեկ Abrams տանկ փոխանցի Ուկրաինային, որպեսզի ԳԴՀ-ին դրդի օգնելու Կիևին և ապաշրջափակելու գերմանական Leopard տանկերի մատակարարումը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գերմանական ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Ուկրաինային մի քանի տասնյակ տանկերի մատակարարումը իրավիճակը հիմնովին չի փոխի։
«Երբ մեր դեմ է հազար տանկ ունեցող ռուսական բանակը, 10 տանկ, 20 տանկ, 50 տանկ տալով հարց չի լուծվի»,- ասել է Զելենսկին:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ Արևմուտքը կկարողանա Ուկրաինային մատակարարել միայն փոքր քանակությամբ Leopard տանկեր, շատ ավելի քիչ, քան պահանջում է Կիևը։ Այս գնահատականն է տվել իտալական Quotidiano Nazionale թերթը։
Նրա հաշվարկով՝ Ուկրաինան մինչև գարուն կարող է ստանալ 33-ից մինչև 73, ընդհանուր առմամբ 87 տանկ մինչև ամառվա սկիզբը, ինչը «շատ ավելի քիչ է, քան Ուկրաինայի պահանջած 300-ը»։ Հրապարակման համաձայն՝ Կիևը ևս մոտ 22 Leopard 2 տանկ և 88 Leopard 1 տանկ կարող է ստանալ անմիջապես արտադրողից, սակայն դա կլինի մինչև 2023 թվականի վերջը, 2024 թվականի սկիզբը։