Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկաներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումները:
«Հարգելի՛ գործընկերներ, վերջին նիստի ընթացքում մենք քննարկում անցկացրինք այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրեց դրա մի մասը և ռմբակոծեց քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի տարածքի խորքում։ Դեռ այն ժամանակ քննարկման ընթացքում բանախոսների մեծ մասը Ադրբեջանին կոչ արեց անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Արդեն անցել է մի քանի ամիս, և, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ դա կատարվել է։
Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հպարտությամբ հայտարարեց, թե Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում Հայաստանի օբյեկտներին հարվածելու համար: Բայց սա ամենասարսափելին չէ, որ պարոն Ալիևն ասել է այդ ռևիզիոնիստական և ռազմատենչ հայտարարության մեջ: Նա նշել է, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանի մաս է, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ռևիզիոնիստական և ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի։
Հարգելի՛ գործընկերներ, դուք ավելի լավ, քան որևէ մեկը գիտեք, որ պատերազմները, ագրեսիաները սկսվում են բառերից։ Եվ դուք հեշտությամբ կարող եք տարբերել այն բառերը, որոնք կարող են հանգեցնել ագրեսիայի, դրա սանձազերծման: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք դադարենք խոսել Ադրբեջան ագրեսիվ պետության մասին, մեզ անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ բանաձև, այն պետության, որի նախագահը բացահայտ խոսում է ժողովրդավարական հարևանի դեմ ագրեսիա սկսելու իր ծրագրերի մասին։ Դա պետք է անընդունելի լինի մեր կազմակերպության, Եվրոպայի համար։ Ես ապավինում եմ ձեր աջակցությանը»,- ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավարը: