Կոռուպցիոն բնույթի աննախադեպ գործի դատաքննությունը շուտով կավարտվի: Առանցքային մեղադրյալը նախկին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է՝ սուպերնախարար համարվող Գագիկ Խաչատրյանը:
8 տարի ֆինանսների նախարարությունը, ներառյալ՝ մաքսային և հարկային ծառայությունները, ղեկավարած Խաչատրյանը, ըստ դատախազության, պետական պաշտոններ զբաղեցնելով, հովանավորել է որդիների ու եղբորորդիների բիզնեսը:
Գևորգ Սարգսյան (Դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Գագիկ Խաչատրյանի, նրա որդիների և եղբորորդու մեղսագրված արարքներով որպես հանցավոր գործունեության շրջանառության առարկա հանդիսացող դրամական միջոցների ընդհանուր չափը կազմում է շուրջ 61 միլիարդ 357 միլիոն ՀՀ դրամ:
Դատախազության վարչության պետի տեղակալը դրավագներով է ներկայացնում Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունները. նախկին պաշտոնյան մեղադրվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանից 22 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս գումարով է, ըստ իրավապահների, ձեռք բերվել Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը: Իսկ կաշառքը, ըստ դատախազի, Առուստամյանը Խաչատրյանին տվել է նրա որդիների միջոցով՝ բիզնեսը հովանավորելու համար:
Գևորգ Սարգսյան - 22 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների խնդրանքով նշված առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենը կաշառքի գումարը փոխանցել է «Վետո գրուպ», «Վետո Թրաստ» և «Վեստ քոստ էսքրոու» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին:
Խաչատրյանի պաշտպանը, սակայն, սա ոչ թե կաշառք, այլ փոխառություն է անվանում:
Երեմ Սարգսյան (Գագիկ Խաչատրյանի պաշտպան) - Աբսուրդների աբսուրդն ա, որ իրենք փորձեցին սովորական պարտքի-պահանջի հարաբերությունները, փոխառության հարաբերությունները վերածել հանցագործության: Բոլոր տվյալները, որ փոխառություն ա եղել, ինչքան գումար, որ էդ գումարով ա տուն առնվել, հենց Գուրգեն Խաչատրյանը իր բացատրություններով ա հայտնել, բայց սա իրականում իրենք տեսնում էին, որ հանցագործություն չի:
Երեմ Սարգսյանը համոզված է, որ, իր բնորոշմամբ, փոխառությունը հանցագործություն որակվեց, երբ Խաչատրյանի որդին «Յուքոմ» ընկերությունն էժան վաճառելու և ճնշումների մասին ահազանգեց:
Մինչդեռ դատախազի խոսքով՝ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու նպատակով է փոխառության պայմանագիր կնքվել:
Գևորգ Սարգսյան - Նշված առևտրային կազմակերպության տնօրենի կողմից փոխառության վերադարձ կամ տոկոսների հետ կապված որևէ գումար մինչ օրս հետ չի ստացել:
Խաչատրյանի մյուս մեղադրանքը վերաբերում է «Հիդրոապարատի» դրվագին: Դեռևս 2009-ին «Հայգազարդ» ընկերությունը պետությանը պարտք է եղել ավելի քան 79 միլիարդ դրամ և դրա համար ՊԵԿ-ում գրավադրել 5 գույք, որոնցից միայն «Հիդրոապարատ» ընկերության 132.615 բաժնետոմսերը չեն վերագնահատվել և շուկայականից էականորեն էժան՝ ընդամենը 268 միլիոն դրամով վաճառվել են Գագիկ Խաչատրյանի քրոջ և եղբոր որդիների հիմնադրած ընկերությանը: Այս դրվագը ևս պաշտպանական կողմը չի ընդունում:
Երեմ Սարգսյան - Բերեք մեկ ապացույց, ցուցմունք, որ Գագիկ Խաչատրյանը էս պրոցեսի հետ ընդհանրապես որևէ առնչություն ունեցել ա, ուրեմն 0 ապացույց, բացարձակապես: Բերում են բոլոր մասնակիցներին, ամեն մեկին մի քանի անգամ հարցաքննում են, ընդ որում՝ մարդիկ կան, որ մեղադրանք են առաջադրում, որ էդ ֆոնի վրա գոնե ցուցմունք տան, անձինք ասում են՝ բացարձակապես որևէ առնչություն Գագիկ Խաչատրյանը չի ունեցել:
Գևորգ Սարգսյան - 132.615 բաժնետոմսերը այդպես էլ չեն վերագնահատվել ՊԵԿ նախագահի, նրա տեղակալի և նրա աշխատակիցների կողմից ապօրինի միջամտության արդյունքում:
Պնդում է դատախազն ու հավելում՝ «Հիդրոապարատի» բաժնետոմսերի վաճառքն իրականացվել է ոչ թե աճուրդով, այլ՝ մրցույթով, որի համար պայման էր ընկերությունում 5 միլիոն եվրոյի ներդրում կատարելը, սակայն Խաչատրյանի զարմիկներն այդ պայմանը չեն կատարել: Պաշտպանը հակադարձում է՝ մրցույթի դեպքում պարտադիր պահանջ չէր կարող լինել:
Մյուս դրվագը պարարտանյութի բաշխման գործընթացի չարաշահումներն են:
Գևորգ Սարգսյան - 2012 թվականից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ հողօգտագործողներին ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի ձեռքբերման և աջակցության ծրագիր է ըստ էության պարբերաբար ներկայացրել կառավարության հաստատմանը, որով հստակ արձանագրվել է, թե որ ընկերությունը պետք ա կառավարության ծրագրով ներմուծի պարարտանյութը և հողօգտագործողներին սուբսիդիայի շրջանակներում տրամադրի:
Գագիկ Խաչատրյանը այն ժամանակվա գյուղնախարար Սերգո Կարապետյանին տեղեկացրել է, որ նախագահի բանավոր հանձնարարությամբ ինքը պետք է համակարգի պարարտանյութի ներկրման գործընթացը: Կարապետյանն էլ այդ ընթացքում պարզել է, որ ավելի ցածր գնով առաջարկ կա, և տեղեկացրել Խաչատրյանին:
Խաչատրյանի պաշտպանը այս մեղադրանքը նույնպես անհիմն է որակում, նշում՝ իրավապահները հաշվի չեն առել ներկրվող ապրանքի դեպքում հավելյալ այլ ծախսերը:
Երեմ Սարգսյան - Այսինքն՝ սահմանին, երբ որ տալիս ա դրա բեռնափոխադրումներ, մաքսային արժեք գոյություն ունի, բանվորների ծախսեր և այլն, սրանք բոլորը ներառում գալիս համարյա նույն գինն ա կազմում, որ բերեն հասցնեն համապատասխան պահեստ:
Դատախազի խոսքով՝ Խաչատրյանի գործողությունների հետևանքով վատնվել է շուրջ 830 միլիոն դրամ:
8500 հատ՝ 2000-ի փոխարեն. Խաչատրյանի մյուս մեղադրանքն է, ըստ որի, մաքսային մարմինները տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու համար ձեռք են բերվել պահանջվածից անհամեմատ շատ էլեկտրոնային կողպեքներ: ՊԵԿ աշխատակիցները շուրջ 2000-ի պահանջ էին ներկայացրել, սակայն Խաչատրյանի հանձնարարությամբ գնվել էր պահանջարկից քառապատիկ ավելի:
Գևորգ Սարգսյան - Որը նույնիսկ զարմանք է առաջացնում համապատասխան չինական ընկերության մոտ, որ նման ահռելի քանակի կողպեքներ դեռևս որևէ երկրի կողմից ընդհանրապես ձեռք չի բերվել, և անհասկանալի է, թե ինչպես կարող է ՀՀ-ն նման հսկայական քանակի էլեկտրոնային կողպեքների անհրաժեշտություն ունենալ: Արժեքը 1 միլիարդ 747 միլիոն ՀՀ դրամ է կազմել, և նշված գումարի չափով պետությանը պատճառվել է ըստ էության վնաս:
Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի հիմքում նախարարության աշխատակիցներից մեկի ցուցմունքն է, որը դատարանում նշել է՝ 1500 հատ կողպեք ձեռք բերելու իր հաշվարկը վերաբերել է միայն բեռնատարներին, հետո երբ երկաթուղային վագոններն էլ են հաշվել, 8000 հատ կողպեքը նորմալ է եղել: Գնման նպատակը, ըստ Երեմ Սարգսյանի, կոռուպցիոն ռիսկերը կանխելն է եղել:
Գևորգ Սարգսյան - Մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը հանդիսանալով ֆինանսների նախարար՝ որևէ միջոց չի ձեռնարկել նույնիսկ էդ ձեռք բերված էլեկտրոնային կողպեքների գործարկման, պահպանության համապատասխան կարգեր սահմանելու և էդ կողպեքները այդպես էլ չօգտագործվելով՝ դրանց մի մասը տարիների ընթացքում եկել, ոչ պիտանելի վիճակի են արդեն հասել:
Մյուս դրվագն առնչվում է Խաչատրյանի որդիների ստեղծած «Այյունեթվորքս» ընկերությանը, որի 60 տոկոսի փաստացի բաժնետերերը նախկին պաշտոնյայի որդիներն ու եղբորորդին են եղել:
Գևորգ Սարգսյան - ՊԵԿ նախագահի թույլտվությամբ աշխատակիցներին հանձնարարվել է հնարավորինս օժանդակել «Այյունեթվորքս» ընկերությանը:
Ընկերությունը հաղթել է գրեթե բոլոր մրցույթներում: 2008-2020 թվականների ընթացքում հենց այս ընկերության հետ ՊԵԿ-ը կնքել է շուրջ 7 միլիարդ դրամի պայմանագիր: Բացի այդ, ըստ դատախազի, Գագիկ Խաչատրյանը, ֆինանսների նախարար եղած ժամանակ, ապահովել է, որ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման 19 ծրագրային մոդուլները ձեռք բերվեն «Այյունեթվորքսից»:
Գևորգ Սարգսյան - Աշխատանքները փաստացի կատարվել են 2 միլիարդ 777 միլիոն դրամով, սակայն նրանց՝ «Այյութնեթվորքս» ընկերությանը, փաստացի վճարվել է 4 միլիարդ 283 միլիոն դրամ, այսինքն՝ տվյալ գործարքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 506 միլիոն դրամ գումար:
Խաչատրյանի պաշտպանի խոսքով՝ 1 միլիարդ 506 միլիոնից 813 միլիոնը ավելացված արժեքի հարկն է, որը վճարվել է պետական բյուջե:
Երեմ Սարգսյան - Եթե էն ընկերությունը աներ, ինքը պետք ա էդ ավելացված արժեքի հարկը ուզեր պետությունից, իր ծառայության մեջ ավելացներ, նոր դրանից հետո վճարեր, հիմա քանի որ ենթակապալ ա եղել, կապալի պայմանագիր կնքողն ա դա արել, դուք ո՞նց եք սա հանցագործություն դիտարկում:
Հաջորդ դրվագը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, որը ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության պետ եղած ժամանակ հորեղբոր հետ թաքցրել է այն փաստը, որ նույն վարչության 7 աշխատակից իրենց պարտականությունները կատարելու փոխարեն ապահովել են Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի անվտանգությունը: Եվս 28 աշխատակից, ըստ դատախազության, պետբյուջեից ստացել է աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու: Այս մեղադրանքը ևս Խաչատրյանները չեն ընդունում:
1996 թվականից պետական պաշտոններ զբաղեցրած Խաչատրյանը, որը մեկ տարի անազատության մեջ էր, 2020-ին ազատ է արձակվել շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։ Բացի նրանից և Կարեն Խաչատրյանից, մայր գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 8 անձ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան