Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տարիներին էապես աճել է: 2021 թվականի տվյալով այն 16.8 տոկոս է: Նախորդ անգամ նման հետազոտություն արվել էր 2014-ին, և անպտղությունը 12.2 տոկոս էր կազմել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է, որ անպտղության 15 տոկոս մակարդակն արդեն համարվում է ճգնաժամային, անդրադառնում ժողովրդագրության վրա:
ՆՈՒՆԵ ՓԱՇԱՅԱՆ (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) -
Սակայն պիտի ասեմ, որ կանանց անպտղության ցուցանիշը այս տարիների ընթացքում նվազել է, և մենք ունենք բարձրացում տղամարդկանց անպտղության հաշվին, ինչը որ շատ մտահոգիչ է: Առաջնային անպտղության ցուցանիշը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում ևս նվազել է, ու բարձրացել է երկրորդային անպտղությունը:
Մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետությունն ընդլայնել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Պետական այս ծրագիրն իրականացվում է բժշկական հինգ կենտրոնում:
Ամբողջական փաթեթ՝ հետազոտություններից մինչև արտամարմնային բեղմնավորում, առաջարկվում է անպտղություն ունեցող և 20-36 տարեկան կանանց՝ ամուսնացած լինեն նրանք, թե՝ ոչ:
Մինչև 43 տարեկան անզավակ կանայք էլ ընդգրկված են երկրորդ խմբում: Այս դեպքում առաջարկվում է սերմնավորում: Երրորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի այն ամուսնական զույգերն են, որոնց մոտ կա երկրորդային անպտղություն՝ մեկ երեխա ունեն, բայց ցանկանում են նաև երկրորդը: Նրանք կարող են օգտվել բոլոր ծառայություններից: Անպտղության բուժումը, եթե պետությունը չստանձնի ֆինանսավորումը, քաղաքացիների համար միլիոնավոր դրամներ է արժենում, ինչի հնարավորությունը, բնականաբար, քչերն ունեն: Մոտավորապես 3.5 տարի Գայանեն ամուսնու հետ այդ ճանապարհն է անցնում, տարբեր կլինիկաների դռներ են ծեծել:
ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ - Ծախսել ենք բավականին շատ գումարներ: Միգուցե ինչ-որ մեկի համար դա շատ չէ, բայց 3 միլիոնից ավելի գումար ենք ծախսել, որի արդյունքում դեռևս երեխաներ կամ երեխա դեռ չունենք: Սպասում ենք հրաշքների, տեսնենք՝ ո՛նց կստացվի այս տարի:
Գայանեն շուտով 40 տարեկան կդառնա: Կարող է մինչև 43 տարեկանների ծրագրում ընդգրկվել:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (պտղաբերության կենտրոնի տնօրեն) - Այստեղ միայն և միայն ներարգանդային սերմնավորման փաթեթի շրջանակներում է օգնությունը ցուցաբերվելու: Արտամարմնային բեղմնավորում առայժմ պետությունը չի կարող ապահովել, բայց մնացած բոլոր հարցերով մենք կարող ենք փորձել օգնել, որովհետև արտամարմնային բեղմնավորման կարիք անպտուղ զուգերի միայն 1/3-ն է ունենում: Մենք բոլորին չէ, որ արտամարմնային բեղմնավորում ենք առաջարկում: Ուրեմն կանանց մեծ մասը կարող է օգտվել և հաջողության կհասնի:
Չի բացառվում, որ Կառավարության որոշման մեջ առաջիկայում լրացումներ արվեն՝ հօգուտ շահառուների: Մասնավորապես սահմանվի, որ ծրագիրը վերաբերելու է նաև այն քաղաքացիներին, որոնք վճարովի հիմունքներով արդեն սկսել են անպտղության բուժումը: Այսինքն՝ շարունակությունը լինի անվճար: Կամ՝ շահառուների երկրորդ խմբի համար նույնպես անվճար հետազոտություններ նախատեսվեն: Մասնագետների հետ մեկ քննարկում նախարարությունում արդեն եղել է, հաջորդը նախատեսվում է մի քանի օրից:
Մարդու վերարտադրողականության հայկական ասոցիացիայի նախագահ, Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանն ասում է՝ շահառուների հնարավոր մեծ հոսքին կենտրոնը պատրաստ է:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - Նույնիսկ եթե դժվարություններ լինեն, մենք դրանք կհաղթահարենք, բայցևայնպես մենք պատրաստ ենք հոսքը երկու-երեք անգամ ավելացնելու: Մոտ 15 տարի մենք պայքարել ենք այս հարցերի համար:
Ընտանիքի հոգեբան Նարինե Հարությունյանը չի կարծում, որ չամուսնացած կանանց մայրանալու խրախուսումը վաղը կարող է մեկ այլ՝ արդեն հոգեբանական խնդիրներ առաջ բերել: Կարևորում է, որ երեխան ունենա և՛ հայր, և՛ մայր, բայց...
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, ընտանիքի հոգեբանության մագիստրատուրայի ղեկավար) - Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են, որ կոտրվեն մի շարք կարծրատիպեր, նույնիսկ դրույթներ: Եվ ողջունում եմ ծրագիրը: Իսկապես ողջունում եմ:
Հարությունյանը նկատում է՝ պտղաբերության այս ծրագիրը գոյաբանական խնդիր լուծելուն է միտված:
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Նախորդ հասարակարգում, կարելի է հենց այդպես էլ ասել, որ նման երևույթները էդպես էլ դիտվում էին՝ և՛ քարկոծում էին, և՛ վատաբանում էին, բայց ցանկացած պարագայում ես գտնում եմ, որ երեխան ամենամեծ արժեքն է, մարդը ընդհանրապես մեծագույն արժեք է, երեխան ընտանիքի ամենամեծ արժեքն է, և եթե այդ ընտանիքը թեկուզ բաղկացած է մայրիկից և երեխայից, ուրեմն պետք է գոյություն ունենա:
Միայն մայր ունեցող երեխայի հոգեբանության մասին մտահոգություններին անդրադառնալով էլ՝ Նարինե Հարությունյանը նկատում է՝ տարաբնույթ խնդիրներ ունեն նաև լիարժեք ընտանիքներում մեծացող երեխաները: Ամեն դեպքում նա կարևորում է, որ մայրերը իրենց պարտականությունները կատարեն ադեկվատ՝ առանց ծայրահեղությունների: Պետության մասնակցությունն ու աջակցությունը նույնպես անհրաժեշտ են համարում:
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Դասընթացներ, թրեյնինգներ, հոգեբանական ծառայությունների, սոցիալական ծառայությունների մասնակցություն ընտանիքի կյանքին և այլն, իհարկե անհրաժեշտ են՝ էլի անկախ նրանից՝ ընտանիքը լիարժեք է թե ոչ: Այո՛, ծրագրի գործարկմանը զուգընթաց անհրաժեշտություն կա այդ դասընթացների և սոցիալական ինստիտուտների, սոցիալ-հոգեբանական աջակցության:
Հոգեբանը շեշտում է՝ փոքրիկները շփման հմտություն առաջին հերթին ձեռք են բերում ընտանիքում: Հոր վարքի մոդել չունեցող տղաների համար օրինակելի կարող է լինել ընտանիքի մեկ այլ տղամարդ՝ պապիկը, մորեղբայրը: Խորհուրդ է տրվում նրանց ընդգրկել երեխայի դաստիարակման գործընթացում: Մասնագետի կարծիքով՝ հասարակության մի ստվար զանգվածի համար արդեն ընդունելի են միայն մայրիկից և երեխայից բաղկացած ընտանիքները:
Հեղինակ՝ Աննա Զախարյան