Ջարդերը դեռ Բաքու չէին հասել, բայց Սումգայիթի ջարդերի լուրը տարածվում էր:
Ռազմիկ Ասրյան - Աշխատում էինք մեզ համար, ի վդռուգ տենց բան. Սումգայիթում փետրվարից ջարդուփշուր սկսվավ, ես մտածեցի, որ դուրս գամ, 3 երեխա տեր եմ, քանի երեխեքիս գլուխն ու իմը տեղն ա:
Կարինե Կույումջյան (Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Սա խորհրդային մարդահամարի վերջին արդյունքներն են Հայաստանում կատարած: 89 թվին, այսինքն՝ վերջին տվյալներով՝ 4 մլն 623.382, որից 3 մլն 83 հազարը բնակվել են ՀՀ-ում, իսկ Ադրբեջանում 70 թվին հայերի թիվը եղել ա 483.520, իսկ 89-ին՝ 390.505 հայ: Տեսեք՝ 79-ին մի փոքր ա նվազումը, իսկ 89-ին...
Դեռ 88-ից Ռազմիկ Ասրյանի ընտանիքի նման, շատերը, Սումգայիթի ջարդերն աչքի առաջ ունենալով, շտապեցին դուրս գալ Բաքվից ու ադրբեջանական մյուս քաղաքներից:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Տարբեր տվյալներով նշվում է մինչև 500 հազար, ներառյալ նախկին ԼՂԻՄ, իսկ եթե հանենք դա, ապա շուրջ 380-390 հազար, որոնք հիմնականում ապրում էին Բաքվում կամ շրջակայքում: Մարդահամարների տվյալներով՝ Բաքվում միայն ապրել է 200 հազար հայ, մոտ 18-20 հազար՝ Սումգայիթում, 45.000 Գանձակում՝ Կիրովաբադում, Գանձակում առանձին թաղամաս կա հայկական, քանի որ մինչև 1880 թ.-ը հայերի ներկայությունն անընդհատ է եղել:
Նույն տարիներին Հայաստանում ապրող ադրբեջանցիները մոտ 3 անգամ ավելի քիչ էին:
Կարինե Կոյումջյան - 160.841 ադրբեջանցիները եղել են մեզ մոտ՝ 79-ին, 16.819-ը ապրել են քաղաքում, իսկ գյուղերում՝ 140 հազարից ավելին:
Ադրբեջանի մայրաքաղաքում երեքսենյականոց տունը Սայաթ-Նովա գյուղի փոքրիկ ու կիսավեր երկսենյականոց տան հետ փոխանակելու համար Ասրյանը ադրբեջանցուն դեռ 4 հազար ռուբլի էլ փող է տվել, որ համաձայնի:
Ռազմիկ Ասրյան - Էս տունն արդեն քանի անգամ ռեմոնտ արած ա, էս 2 սենյակը մենակ գաջած ա եղել, խոնավ, պոլերը՝ փտած:
Լյուդմիլա Ասրյան - Ո՞նց են սենց ապրել առանց հարմարություն, առանց բաղնիք, մի տուն չի եղել, որ բաղնիք լինի:
Ռազմիկ Ասրյանի կինը համարում է, որ իրենց բախտը դեռ բերել է՝ կարողացել են ամբողջ ընտանիքի կյանքը փրկել, ու թեկուզ կիսաքանդ, բայց տուն էլ են գտել:
Լյուդմիլա Ասրյան - Մեզանից հետո շատ վատ էր, դեկտեմբերին հատկապես, ով՝ ավտոյով, ով՝ գնացքով փախան:
Օրինակ՝ Ռազմիկի քույրերը, եղբայրները դեկտեմբերին են եկել՝ Ադրբեջանում թողնելով տուն-տեղն ու ամբողջ ունեցվածքը:
Տարոն Հովհաննիսյան - Երբ հայերը բռնագաղթեցվել են, զուգահեռ ջարդեր են կազմակերպվել, Սումգայիթի ջարդերը, Գանձակում պաշարված է եղել հայկական թաղամասը, և Բաքվում մինչև 90 թվականի հունվարը ներառյալ պարբերաբար ճնշումներ են եղել, սպանություններ, ջարդեր, փոխհատուցումներ չեն ստացել: 90 թվականի հունվարի 13-ից սկսած Ադրբեջանի կողմից սրացման վերջին փուլն էր, այնտեղ մնացել էին 35.000-ը:
Ադրբեջանում էին մնացել հիմնականում նրանք, ովքեր չէին պատկերացնում, որ ջարդերն իրենց կհասնեն, կամ անապահով ընտանիքները, որոնք տեղափոխման միջոցներ չունեին:
Տարոն Հովհաննիսյան - Տարբեր տվյալներով՝ հստակ թիվ չկա, քանի որ ոչ մեկը չի զբաղվել, մի քանի հարյուր մարդ է զոհվել Բաքվում:
Իսկ Հայաստանից ադրբեջանցիների դուրս գալը այլ պայմաններում է եղել՝ մանրամասնում է Տարոն Հովհաննիսյանը՝ առանձնացնելով Ադրբեջանի նախագահի կեղծ թեզերը, թե մարդահամար են անում, որ պարզեն, թե ով ինչ է թողել Հայաստանում:
Տարոն Հովհաննիսյան - Որևէ տուն, բնակարան չի եղել ՀՀ-ում, որը ուղղակի, հենց այնպես, առանց բնակարանի փոխանակության թողնվել ու գնացել են, նմանատիպ դեպք չկա, արհեստականորեն ուռճացնում են քանակը նաև, մոտավորապես 100.000, բայց մեծացնում են, և բոլոր տեղափոխությունները եղել են հենց իրենց ցանկությամբ:
Որևէ պետական քաղաքականության մասին խոսք չկա, ինչպես Ադրբեջանում էր, այն տները, որոնք պնդում է, որ լքված են, հողաշեն տներ են եղել, այդտեղ բնակվելու տներ չեն էլ եղել:
Վերջին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ բռնագաղթածների մարդահամար նաև Հայաստանն է իրականացնում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար ենք իրականացնում, ընդ որում՝ նաև հաշվարկներ ենք անում, թե իրենց դեմ կիրառված բռնությունների հետևանքով ինչքան նյութական վնաս են կրել:
Կառավարությանից «Լուրերի»ն տեղեկացրին՝ հաշվառման համար խումբ է ձևավորվել, աշխատանքները դեռ ընթանում են, և այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
2022 թվականի հոկտեմբերին իրականացված մարդահամարի հարցաշարում նմանատիպ կետ ներառված էր, մանրամասնում է Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Կարինե Կույումջյան - Հարցադրումը վերաբերում է ծննդյան օրից տվյալ բնակավայրում ապրելը, որտեղից է եկել, ինչու է եկել, ինչպիսի բնակավայրից է եկել:
Մարդահամարի տվյալները դեռ մշակման փուլում են, դրանց ամփոփումից հետո պարզ կլինի, թե Բաքվի, Սումգայիթի ջարդերից ավելի քան 30 տարի հետո քանի տուժած է շարունակում Հայաստանում ապրել: Սակայն շատերը հեռացել են, և բռնագաղթածների մարդահամարի նպատակը Ադրբեջանից տեղահանվածների ընդհանուր թիվը պարզելն է՝ մոտավոր հաշվարկով խոսքը 380 հազար մարդու մասին է՝ 2001-ի մարդահամարի ժամանակ նրանց կեսից ավելին արդեն Հայաստանում չէր:
Կարինե Կույումջյան - Եկել են Ադրբեջանից, դա 2001-ին, 2011-ին այդ տվյալը 64.147 էր, բավական մեծ նվազում 10 տարվա միջակայքում:
Անկախացած Հայաստանում անցկացված առաջին մարդահամարին ևս փորձել են հարցաշարի միջոցով Ադրբեջանից բռնագաղթածների մասին ավելի լայն պատկեր ստանալ, սակայն չի հաջողվել:
Կարինե Կույումջյան - Մարդիկ այս կամ այն պատասխանը տալիս վախենում էին, և՛ բանակի խնդիր կար, և՛ նպաստներ ստանալու, շատ տներում էդ հարցերին չուզեցին պատասխանել:
Սերգեյ Թունյանի 3 մորեղբայրը 1915 թ. ցեղասպանության զոհերից են, Սումգայիթի ջարդերի մասին լսելով անմիջապես հավաքել է ճամպրուկը:
Սերգեյ Թունյան - Մեր հարևանի քուրը Սումգայիթ էր, բռնել են խփել, մորթել, փեսային երկրորդ հարկից շպրտել են:
Էդ էլ ասեմ, արդեն գիտեին՝ որ շենքում քանի հայ կար, մի անգամ գալիս տեսնում եմ ինչ՝ պատի վրան արդեն խաչ են դրել:
Բաքվի երեքսենյականոց տունը ու 5000 ռուբլի տվել է, որ կարողանա այս տունը վերցնել ադրբեջանցուց: Ադրբեջանում նորակառույց ամառանոց էլ է ունեցել:
Սերգեյ Թունյան - Երկուհարկանի տուն, ամեն ինչով սարքած, գազով-բանով:
Գնաց կորավ՝ ցավով հիշում է Թունյանը: Ամենամեծ ցավը ծնողների ու երեխաների գերեզմաններ են, որ մնացել են այնտեղ:
Լյուդմիլա Ասրյան - Ամենադժվար պահը, որ հարցնեն, ասում եմ, որ ես իմ տան բանալին տվել եմ թուրքին, լացելով իջել եմ: Առաջին նկարը Հայաստանում սենց ենք եղել, էս տարիքի, ասեցի՝ գնանք հիշատակ նկարվենք:
Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ 1988-90 թվականների ջարդերը կանխատեսելի էին, հիշեցնում է 1918-20 թթ. հայերի ջարդերը Բաքվում, Շուշիում: Հակահայկական քաղաքականություն նաև խորհրդային տարիներին է դրսևորվել՝ ԼՂԻՄ-ում ադրբեջանցիների թիվն արհեստական ավելացնելով և Նախիջևանը հայաթափելով: Իսկ Խորհրդային Միության փլուզումը պարզապես հնարավորություն էր, որ Ադրբեջանը վերադառնար նույն քաղաքականությանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան