Զինվորական կացարանում ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է:
«Լուրերի» հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց՝ սկսվել է դիերը ծնողներին փոխանցելու գործընթացը:
Դեպքից 4 օր է անցել, սակայն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:
Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, որի շրջանակում շուրջ 2 տասնյակ անձ է հարցաքննվել, բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել, ուսումնասիրվում են յուրաքանչյուրի պարտականությունները, այդ թվում՝ կացարանում հրդեհային անվտանգության ապահովման առնչությամբ:
Ողբերգական հրդեհը տեղի ունեցավ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողները ժամկետայիններ են, տուժած երեք զինվորները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա:
Հեռախոսազանգ
Կարինե Բաբայան (Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն) - Վիճակը կայուն ծանր է, արհեստական ոչ մի շնչառության ապարատ չկա միացված, իրենց հերթական ֆազան է, այսինքն՝ թունավորման ինտոքսիկացիայի ֆազան է, կոմպենսացվում է և բուժվում են: Ընթացքը կտեսնենք, կարծում եմ՝ դեպի լավը կլինի, իսկ մյուս զինծառայողը գտնվում ա այրվածքաբանական բաժանմունքում, բուժում շարունակվում է:
Նրանց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ՝ Բաբայանն ասաց՝ այդ հարցին կարող է պատասխանել 10 օր հետո:
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է սպայի կողմից վառարանն ավտոբենզինով վառելու պատճառով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ ա եղել, այրվել ա ոչ միայն վառարանը, այրվել ա նաև բենզինը: Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։
Դեպքից ժամեր անց էլ արդեն Քննչական կոմիտեն մանրամասնեց՝ ավտոբենզինով վառարանը վառելու հանգամանքը փաստվել է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են 9-ը։ Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ՝ կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման պատճառով, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։ Դրսում գտնվող ժամկետային զինծառայողներից մեկը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և ծառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով: Պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել: 15 զինծառայողների դիերը դուրս են բերվել հրդեհը մարելուց հետո։
Արսեն Սարոյան (ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ) - 15-ից 14-ը մահճակալների վրա են գտնվել, անմիջապես ենթադրում եմ՝ դա վարկած է, բայց հենց այդպես էլ կլինի, ծխահարված, մեկ հոգի մուտք մոտ ա հայտնաբերվել, փորձել ա փրկվի, բայց չի ստացվել:
Ողբերգական դեպքի օրը 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Այդ պաշտոնում նշանակվեց Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ Այս արարքի համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-8 տարի ժամկետով։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան