Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի պատմությունը խմբագրելու նոր փորձ է նախաձեռնել: Բաքուն պետական մակարդակով շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» կեղծ թեզերը:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ի նկատի ունեն Հայաստանի Հանրապետության տարածքները:
«Արևմտյան Ադրբեջան» թեզի տարածումն ապահովելու նպատակով Իլհամ Ալիևը հանդիպել է դրա այսպես կոչված ներկայացուցիչների հետ: Իր ելույթում նա նշել է, թե իբր Ադրբեջանը ժամանակին մասնատվել է, առանձին շրջաններ էլ նվիրվել են Հայաստանին, ինչի համար մեղավոր են Խորհրդային Միության ղեկավարները:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Դա ևս մեկ հանցագործություն էր մեր ժողովրդի նկատմամբ: Նպատակը պարզ էր: Նախևառաջ՝ հայ ազգայնականները կարևոր պաշտոններ էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում: Մյուս կողմից՝ դա քայլ էր՝ ուղղված Նախիջևանը և Թուրքիան Ադրբեջանից աշխարհագրորեն անջատելուն:
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունները ադրբեջանական կողմը նոր չի շրջանառում, նշում է Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Դրանց մասին Ալիևը բազմաթիվ հրապարակային ելույթներ է ունեցել: Այժմ սակայն Բաքուն փորձում է առավել համակարգային և ինստիտուցիոնալ դարձնել այդ նարատիվների տարածումը: Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն Ալիևը հատուկ հանձնարարական է տվել՝ գործնական քայլեր ձեռնարկել առավել տեսանելի դառնալու համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում:
Տարոն Հովհաննիսյան - Իրենք այս քեյսերը նախապատրաստած ունեցել են: Այդ այսպես կոչված համայնքը ինքը միշտ գոյություն է ունեցել այլ անվամբ, բայց, իրականում էլի, նույն քարոզչությամբ, նույն բաներով է զբաղվել: Ֆինանսավորում ստացել է ավելի քիչ, որովհետև այդ պահին առաջնահերթությունն Արցախն էր Ադրբեջանի համար: Եվ հիմա իրենք հերթով նոր քայլեր են առաջ բերում, որոնք ժամանակին նախապատրաստած ունեցել են:
Բաքվի կողմից տարբեր ժամանակներում քարոզչական դաշտ նետված թեզերն ուսումնասիրած ադրբեջանագետի կարծիքով՝ որոշ ժամանակ անց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները կսկսեն Հայաստանի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարաններում՝ նյութական փոխհատուցում պահանջելով: Հայաստանի նկատմամբ ճնշում կլինի նաև այլ հարթակներում:
Տարոն Հովհաննիսյան - Կազմակերպելու են միջազգային անվամբ ինչ-որ կոնֆերանսներ, համաժողովներ, փորձելու են բերել ինչ-որ չակերտավոր միջազգային գիտնականների, գրքեր գրել նոր, նոր աշխատություններ, այդ թվում՝ փորձելու են դա անել հենց ինչ-որ գնված միջազգային հեղինակների անուններով, որտեղ փորձելու են ապացուցել, որ Հայաստանի տարածքը ադրբեջանական «պատմական հող» է:
Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն իր գործողություններով հստակ նպատակ ունի՝ հակամարտությունը տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչը Ադրբեջանը նոր չի սկսել:
Տարոն Հովհաննիսյան - 20 թվականի պատերազմի պայմանական դադարին, ավարտին զուգահեռ, Ադրբեջանն իր այդ նախապատրաստած թեզերը սկսեց առաջ տանել՝ Հայաստանի Հանրապետության տարածքների զավթում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», դեմարկացիայի, դելիմիտացիայի խնդրում կեղծ քարտեզների ներկայացում և սրան զուգահեռ տարբեր քայլեր են իրականացնում, որոնք գալիս են ամրապնդելու իրենց հարձակողական քաղաքականության հերթական փուլը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերին անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Արտգործնախարարությունն ընդգծել է՝ Ալիևի ելույթը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
«Վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ:
Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը»:
Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարության հավակնությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: «Արևմտյան Ադրբեջան» ասելով Բաքվում նկատի ունեն նաև Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ, որոնք այժմյան Թուրքիայի տարածքում են: Ադրբեջանական քարոզչամեքենան տարածքային նկրտումներ ունի նաև Իրանի և Վրաստանի նկատմամբ: Իլհամ Ալիևի վարչակազմը, սակայն, այս մասին դեռ չի բարձրաձայնում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան