Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ՝ 2023-2024 ուսումնական տարվանից ռազմամարզական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարաններում: Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրվող աշակերտների համար:
Արտաշես Թորոսյան (ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրումով նոր մոտեցում է առաջացել ուսումնական գործընթացի կազմակերպման մեջ: Մենք արդեն ավելի շատ շեշտը դնում ենք ոչ միայն գիտելիքի, այլ նաև էդ գիտելիքը կիրառելու, կյանքում օգտագործելու, ուսումը շարունակելիս օգտագործելու և աշխատելու ժամանակ:
10-օրյա ռազմամարզական ճամբարը նախորդ տարի ամռանը կազմակերպվեց Տավուշի մարզի աշակերտների համար, սակայն կամավոր սկզբունքով, այս տարվանից մասնակցությունն արդեն պարտադիր կլինի: Ճամբարին չեն մասնակցի միայն առողջական խնդիրների պատճառով ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն առարկաներից ազատվածները:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - 10-11-րդ դասարաններում անցում է կատարվում կրեդիտային համակարգի, և բոլոր բաղադրիչների համար կրեդիտներ են տրվելու երեխաներին: Ճամբարն էլ, որպես ՆԶՊ առարկայի գործնական բաղադրիչ, պարտադիր լինելով նաև էդ կրեդիտներն է տրամադրելու երեխային և, բացակայելու դեպքում, չգնալու դեպքում, եթե հիմնավորված չէ բժշկական փաստաթղթերով, ապա այդ կրեդիտը ուղղակի երեխան չի ստանալու և էստեղ ընդհանուր ցուցանիշի վրա կարող է նաև ազդեցություն ունենալ:
Քանի որ 10-րդ դասարանի աշակերտները մեծ թիվ են կազմում, իսկ ճամբարը կազմակերպվում է ամռանը: Նախարարությունը կսահմանի ժամանակացույց, որպեսզի բոլորը հասցնեն մասնակցել գործնական դասերին:
Արսեն Բաղդասարյան - Մենք արդեն իսկ սկսել ենք այն գործողությունները, թե ում հետ կարելի է համագործակցել, որպեսզի կարողանանք էդ ծավալն ապահովել և՛ մասնագետների առումով, և՛ տարածքի առումով, որ ճամբարներում պետք է իրականացվի դա՝ ճամբարային տարածքի, որպեսզի արդեն 23-24 ուսումնական տարվան ընդառաջ արդեն պատրաստ լինենք:
Արթուր Կարապետյան (Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն) - Շատ հնարավոր է, որ տարածքային առումով մենք ունենանք խնդիրներ, կարգում նախատեսված է, որ աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում կարող ենք օգտագործել այդ արձակուրդները որպես ռազմամարզական ճամբարների իրականացում:
Ռազմամարզական ճամբարները հնարավորություն կտան ծանոթանալ այն հմտություններին, որոնք հնարավոր չէ ուսումնասիրել դպրոցական ծրագրով:
Արթուր Կարապետյան - Оրինակ՝ ռազմական տեղագրությունից, գիշերային ժամերին տեղորոշվել, կողմնորոշվելը. դրանք հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն կարող սովորացնել, քանի որ դա ենթադրում է, որ էդ ուսումնական պրոցեսը պետք է տեղի ունենա գիշերը: Այդ պատճառով էլ հենց իսկ ճամբարը՝ դրանք լավագույն հնարավորություններն են ստեղծում, որպեսզի գիշերը և՛ մնան, և՛ կարողանան նմանատիպ թեմաներն իրականացնեն:
Ռազմամարզական ճամբարի ծրագրի ընթացքում աշակերտներն ուսանում են կրակային, շարային պատրաստություն, ռազմական տեղագրություն, անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան