ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԽՄԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել, Արցախում, Սիրիայում, Ուկրաինայում հումանիտար իրավիճակի և ԿԽՄԿ հետ փոխգործակցության վերաբերյալ: Լավրովը նշել է, որ հատկապես Արցախի ուղղությամբ խորացել է Մոսկվայի և Կարմիր խաչի գործակցությունը: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Կրեմլն ավելացրել է կազմակերպության ֆինանսավորումը՝ մարդասիրական հարցերի լուծմանը նպաստելու համար:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ
Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ որևէ քայլ չի ձեռնարկվել Թուրքիայի նկատմամբ այդ գործողությունների դեմ։ «Ուստի այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարելիք այցն իմաստ, կարևորությունն ու նշանակություն չունի։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ընդգծել է թուրք նախարարը: Շվեդ նախարարի այցի նպատակը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները հարթելն էր:
Ըստ լրատվամիջոցների, Ստոկհոլմն արտոնել է հերթական հակաթուրքական ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այն նախատեսում է անցկացնել շվեդ աջ ազգայնական գործիչներից մեկը: Անցյալ շաբաթ Շվեդիայի մայրաքաղաքում բողոքի ակցիա էր տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Քրդստանի աշխատավորական կուսակցության, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում: Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ակցիայի ժամանակ ոտքերից կախվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցնող խրթվիլակ: Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ակցիան։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌԴ-Ն ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
Ուկրաինան Բախմուտի ուղղությամբ ամեն օր եռանիշ թվով զինվորական է կորցնում,- հայտնել է գերմանական «Շպիգելը»՝ հղում անելով Հետախուզության դաշնային ծառայությանը:
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը նույնպես կրում է հսկայական կորուստներ միևնույն ուղղությամբ ընթացող մարտերում: Միաժամանակ Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսն էլ հերքել է տեղեկությունը, թե Բեռլինը դեմ է Կիևին «Լեոպարդ» տանկեր տրամադրելուն: Նա ասել է, որ այդ ուղղությամբ քննարկումները դեռ շարունակվում են: Նախարարի խոսքով՝ տանկերի տրամադրման կողմ և դեմ փաստարկները ծանրակշիռ են, և պետք է որոշումն արդարացված լինի:
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Արևմուտքն Ուկրաինային կտրամադրի այն օգնությունը, որի կարիքն ունի Կիևը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա չի հստակեցրել՝ արդյոք ԱՄՆ-ը աջակցո՞ւմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից տանկեր տրամադրելու գաղափարին:
Ավելի վաղ Süddeutsche Zeitung թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է Կիևին Leopard 2 մարտական տանկերի մատակարարումը թույլատրելու Բեռլինի մտադրության մասին միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնն իր կողմից Ուկրաինային Abrams տանկեր տրամադրի:
ԵՄ-Ն ԴԺԳՈՀ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Եվրամիությունը դժգոհ է Կոսովոյի խնդրի լուծման հարցում չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբինա Կուրտիի գործողություններից։ Այս կարծիքն է հայտնել Արևմտյան Բալկանների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը ուրբաթ Կուրտիի հետ հանդիպումից հետո։ Նա պարզաբանել է, որ բանակցություններն անցել են բաց և ազնիվ ձևաչափով, սակայն հանդիպումը հեշտ չի եղել, և միջազգային պատվիրակությունը՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչների, Կոսովոյի իշխանություններից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում Բելգրադի ու Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ խնդրի վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 19-ին ընդունված բրյուսելյան համաձայնագրերի՝ Կոսովոյում պետք է ստեղծվի Սերբական մունիցիպալիտետների համայնք՝ չճանաչված հանրապետությունում բնակվող սերբերի ինքնակառավարման մարմին: Վուչիչը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը կատարել է բրյուսելյան համաձայնագրերի իր մասը, մինչդեռ կոսովցիները սկսած գործընթացը դադարեցրել են։