Շիրակում ինֆեկցիոն հիվանդացության դեպքերի աճով պայմանավորված` նախորդ տարվա դեկտեմբերից կրթական հաստատություններում շարունակվում է հակահամաճարակային ֆիլտրացիան։ Առավոտյան պարտադիր չափում են աշակերտների ջերմությունը. նկարահանումների պահին դասասենյակներում ջերմաստիճանը նորմայի սահմանում էր։
Գագիկ Կարապետյան (Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն) - Երբ երկրորդ կիսամյակը մեկնարկեց, մտահոգություն ունեինք, որ բացակայությունը շատ կլինի: Նույնիսկ 10 տոկոսը չգերազանցող բացակաների թիվ կա, և ամենակարևորը` բացակայությունների թիվը գնալով կրճատվում է. 40 բացակա կա այսօր, մարզի ամենամեծ դպրոցն է` 1200-ից ավելի աշակերտ կա։
Հիվանդանոցներում դիմելիությունը անցած 3-4 օրերի ընթացքում նվազել է, բայց թերապևտիկ բաժանմունքում մեծաթիվ են զբաղված մահճակալները։
Արմեն Խաչատրյան («Գյումրի» ԲԿ փոխտնօրեն) - Ներկա պահին ինֆեկցիոն վիճակը կայուն է, կան հիվանդներ, իհարկե, սուր շնչառական վարակով և բաժանմունքում, և կան, որ թոքաբորբի տեսքով, խրոնիկ հիվանդությունների սրացման տեսքով հիմա թերապևտիկ բաժանմունքում են։
Ինֆեկցիոնում հոսպիպալացված են հղիներ, մինչև հինգ տարեկան երեխաներ։ Չնայած անցած օրերին դիմելիության նվազում է նկատվել, բայց չպետք է շտապել, ինֆեկցիոն իրավիճակի կայունացմանը դեռ 2 ամսից ավելի ժամանակ կա, ասում է վարակաբանը:
Կարինե Տոնոյանը նշում է՝ հիվանդությունների կորը դեռ պետք է բարձրանա, հատկապես որ եղանակն էլ նպաստում է, ձյուն չկա։
Կարինե Տոնոյան («Գյումրի» ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար) - Ընդհանուր առմամբ, վիրուսային սեզոնում ենք գտնվում, և այդ սեզոնը մինչև ապրիլ կտևի, որովհետև գրանցվում են վիճակագրությամբ և համաճարակաբանորեն մինչև ապրիլ են ձգվում։
Պետք է զգուշանան հատկապես հղիները, վիրուսները վտանգավոր են նաև 65-ից բարձր և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, մինչև հինգ տարեկան երեխաների համար։
Կարինե Տոնոյան - Այս տարի գրանցվել է գրիպի Ա տեսակը, H1N1, ադենովիրուսը և մի շարք այլ վիրուսներ երիտասարդները թեթև ձևով են տանում։
Պետք չէ թուլացնել զգոնությունը։ Պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները։ Տունը, գրասենյակը օդափոխել, հիվանդների հետ շփվելիս դիմակ կրել և ձեռքերը լվանալ հաճախակի՝ ասում է վարակաբանը։