Հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի վերցնելու դեպքում գործատուն դրամական աջակցություն կստանա: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած կառավարության որոշման նախագծով՝ գործատուին խրախուսումը կտրվի եկամտահարկի վերադարձի տեսքով:
Ժորա Սարգսյան (ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Եթե հաշմանդամություն ունեցող անձանց են ընդունում աշխատանքի, աջակցության չափը լինում է եկամտային հարկի 90 տոկոսի չափով՝ վերադարձ, 12 ամիս շարունակ, բացի դրանից՝ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում նախատեսվում է նաև աշխատատեղի հարմարեցում՝ 500 հազար դրամի սահմաններում:
Պետական աջակցությունը ստանալու համար գործատուն պետք է լինի մասնավոր ոլորտից, վերջին երեք ամսվա ընթացքում ունեցած լինի առնվազն 10 աշխատող: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մուշեղ Հովսեփյանը նախագծի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկում է իջեցնել սահմանված այս շեմը:
Մուշեղ Հովսեփյան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ) - Սովորաբար, հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի ընդունում են հատկապես փոքր ձեռնարկությունները, որովհետև իրենց մոտ միջավայրն ամբողջովին այլ է, այդ մարդկային հարաբերությունները շատ ավելի լավ զարգացած են, քան մեծ ընկերություններում:
Նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված 50 հազար գործազուրկներից հաշմանդամություն ունեցողները շուրջ 4 տոկոսն են: Մուշեղ Հովսեփյանի պնդմամբ՝ մեծ թիվ են կազմում նաև ծառայությունում չգրանցված՝ հաշմանդամություն ունեցողները: Շարժողական կամ այլ խնդիրներ ունեցողներին աշխատանքի չվերցնելու պատճառներից մեկը համարում է հարմարավետ միջավայրի բացակայությունը, երկրորդ խնդիրը գործատուների վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցողների հանդեպ:
Մուշեղ Հովսեփյան - Սովորաբար, կա այն կարծրատիպային մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավելյալ դժվարություն են ստեղծում աշխատավայրում, հավելյալ պարտականություններ են ձևավորում գործատուների համար, և նրանց հետ աշխատելը դժվար է, և կա ընդհանուր պատկերացում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց ՕԳԳ-ն հասարակությունում ընդհանրապես շատ ցածր է:
Հովսեփյանի խոսքով՝ զբաղվածության պետական ծրագրերը հաշմանդամություն ունեցողները ոչ միշտ են արդյունավետ համարում, սակայն դրանք կարևոր են ընդհանուր մշակութային փոփոխության համար:
Մուշեղ Հովսեփյան - Օրինակ՝ անձին աջակցություն տրամադրելը խելամիտ հարմարությունների համար, ինչն իրականում կարող է կարևոր նախապայման լինել աշխատողի աշխատանքային իրավունքների ապահովման ու նաև զբաղվածության տևողությունը հնարավորինս երկարացնելու համար:
Գործատուին աջակցություն կտրամադրվի նաև թիրախային խմբում ներգրավված այլ ներկայացուցիչներին աշխատանքով ապահովելու համար:
Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված 18-29 տարեկան անձին աշխատանք տալու դեպքում եկամտահարկի վերադարձի չափը կլինի 50 %, բայց ոչ ավելի, քան 100 000 դրամ, աջակցության տրամադրման տևողությունը՝ 3 ամիս, անձի նպաստառու լինելու դեպքում տևողությունը կավելացվի 3 ամսով: 30-45 տարեկանին աշխատանք տալու դեպքում եկամտահարկի վերադարձի չափը կլինի 30%, բայց ոչ ավելի, քան 100 000 դրամ, աջակցության տրամադրման տևողությունը՝ 6 ամիս, կանանց և նպաստառուների դեպքում տևողությունը կավելացվի 3 ամսով: 46-63 տարեկան անձին աշխատանք տալու դեպքում եկամտահարկի վերադարձի չափը կլինի 50 %, բայց ոչ ավելի, քան 150 000 դրամ, աջակցության տրամադրման տևողությունը՝ 9 ամիս, անձի նպաստառու լինելու դեպքում տևողությունը կավելացվի 3 ամսով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ընդգծում է՝ աջակցությունը ստանալու համար գործատուն աշխատողի հետ պետք է կնքի նորմալ ռեժիմով աշխատանքային պայմանագիր, առնվազն մեկ տարով:
Ժորա Սարգսյան - Բացառությունը տրված է միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար, որ կարող է իրենց հետ պայմանագիրը կնքել ոչ թե մեկ դրույքով կամ նորմալ աշխատաժամանակի ռեժիմով, այլ ավելի նվազ, բայց ոչ պակաս, քան կես դրույքով, հաշվի առնելով, որ կարող է, օրինակ, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներով նախատեսվել, որ ավելի քիչ պետք է աշխատեն, քան նորմալ աշխատանքային ժամանակի ռեժիմը:
Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի Կառավարության ընդունումից հետո:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան