«Ինչ ունենք, որտեղ և որքան». Հայաստանում մեկնարկել է հողերի խոշորացման փորձնական ծրագիրը: Որոշումը Կառավարությունը կայացրել էր դեռ 2022-ին: Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնն արդեն գույքագրում է սկսել Արմավիրի չորս գյուղում:
Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն) - Բաղրամյան և Նորակերտ համայնքում հողերի գրեթե 75 տոկոսը չի մշակվում: Մնացած երկու համայնքում 25-30 տոկոսը չի մշակվում:
Փորձնական ծրագրի գույքագրման արդյունքում պարզվել է, որ Արմավիրի միայն Բաղրամյան, Նորակերտ, Հայթաղ և Մայիսյան գյուղերում ընդհանուր առմամբ չի մշակվում ավելի քան հազար ութ հարյուր հեկտար հող: Ոռոգման ջրի բացակայություն, ճանապարհների անանցանելիություն, իրական սեփականատերերի բացակայություն, փաստաթղթային անհամապատասխանություն. հողը չմշակելու պատճառաբանությունները տարբեր են՝ պարզաբանում է կենտրոնի տնօրենը: Որ հողը արդյունավետ մշակվի, պետությունը պատրաստ է աջակցել և՛ մշակողին, և՛ չմշակողին:
Գառնիկ Հովհաննիսյան - Խնդիրները փորձելու ենք արագ օպերատիվ կերպով լուծել: Օրինակ՝ խնդիրներից մեկը հողի կատեգորիայի փոփոխումն է կամ ժառանգության հետևանքով թղթերի բացակայությունը:
Պետությունը պատրաստ է ոչ միայն լուծել հողի փաստաթղթավորման խնդիրը, այլև բարելավել հողատեսքերն ու դրանք միավորելով ներդրողին փոխանցել՝ կա՛մ վարձակալության, կա՛մ գնման իրավունքով՝ նշում է կենտրոնի ղեկավարը: Փորձնական ծրագիրը դեռ գույքագրման փուլում է, բայց սեփականատերերն արդեն սկսել են բարձրացնել տարիներով չմշակվող իրենց հողի գինը:
Գառնիկ Հովհաննիսյան - Առիթից օգտվելով՝ փորձում են իրենց հողերի գները բարձրացնել և ոչ մի բանի հետ չհամընկնող գներ են առաջարկում: Ուզում եմ շեշտել, որ պարտադիր չէ, որ մենք իրենց հողը գնենք կամ բոլոր հողերը գնենք, կխնդրեմ այդ մարդկանց, որ խելամտության սահմաններում գներն առաջարկեն:
Կան նաև հող մշակողներ, որոնք անհամբեր սպասում են ծրագրի արդյունքին, որ ընդլայնեն իրենց հողատարածքները: