Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու տեղափոխել է Երևան, մեկ քաղաքացու՝ հակառակ ուղղությամբ՝ ընտանիքների հետ վերամիավորվելու համար: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով, սակայն, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ:
Էթերի Մուսայելյան (ԿԽՄԿ Արցախի առաքելության մամուլի խոսնակ) - Մենք պատրաստակամ ենք մնում` գնահատելու և աջակցելու նման վիճակում գտնվող այլ ընտանիքների ևս:
ԱՐՑԱԽՈՒՄ ԿՏՐՈՆՈՎ ՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԸ ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ ԲՈԼՈՐԻՆ
Շրջափակման պայմաններում արցախցիները ստիպված են անցնել խնայողությունների: Այսօր մեկնարկել է կտրոններով սննդամթերքի ձեռքբերման գործընթացը, որը սահմանում է մեկ անձին վաճառվող ապրանքի քանակը: Քաղաքացին պետք է հանձնի կտրոնը և վճարի ապրանքի դիմաց: Համակարգի գործարկման առաջին օրը գնումներ անողները շատ են՝ նկատում են առևտրի կետերում:
Մարիա Վարդանյան (առևտրի կետի աշխատակից) - Քանի որ առաջին օրն է, մարդիկ մտածում են, որ կարող է` սա էլ վերջանա: Մտածում են, որ վերջանալու դեպքում իրենք ոչինչ չեն կարող անել: Բայց մենք մարդկանց տեղեկացնում ենք, որ լինելու է. եթե տրամադրվել է կտրոնը, նաև տրամադրվում է ապրանքը` ըստ քանակի:
Կտրոնները տարածվում են պետպահուստից ստացվող 5 ապրանքատեսակի վրա՝ ձեթ, մակարոն, շաքարավազ, հնդկաձավար ու բրինձ: Ստեփանակերտցի Էմմա Հակոբյանն ասում է՝ հախուռն գնումների համար քաղաքացիներին պետք չէ մեղադրել. անորոշությունը շատ է:
Էմմա Հակոբյան (Ստեփանակերտի բնակիչ) - Արդեն չես կարող հասկանալ՝ հետո լավ է լինելու, թե սրանից բեթար է լինելու: Դրա համար մարդիկ վախից ինչ պատահում է` առնում են, տանում:
Պետպահուստից ապրանքատեսակների մատակարարումը համակարգող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այսօր հայտարարել է՝ կարիք չկա խուճապի մատնվել. պարենամթերք կստանան Արցախում գործող բոլոր 600 խանութները։
Նարեկ Հարությունյան (Արցախի ԳԳԱՀ տնօրենի տեղակալ) - Ընդհանրապես չպետք է մարդիկ շտապեն, և բոլորը կստանան իրենց հասանելիք ապրանքը:
Նարեկ Հարությունյանի խոսքով՝ գյուղական համայնքներում խանութները սննդամթերք կստանան ըստ բնակչության թվի, իսկ քաղաքներում՝ ըստ վաճառքի ծավալի: Երկրորդ փուլում կառաջնորդվեն խանութներում հավաքված կտրոնների քանակով:
Նարեկ Հարությունյան - Այս պրոցեսը կատարվում է նրա համար, որ խուսափենք անբարեխիղճ վաճառողներից, և ամբողջությամբ ապրանքը վաճառվի կտրոնների տեսքով:
Հովհարային անջատումներն այսօրվանից Արցախում դարձել են 6-ժամանոց: Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարն Ադրբեջանն այսօր բացել է մասամբ. գազը հասանելի կլինի մայրաքաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների և ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: