ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԿԽՄԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել, Արցախում, Սիրիայում, Ուկրաինայում հումանիտար իրավիճակի և ԿԽՄԿ հետ փոխգործակցության վերաբերյալ:
Լավրովը նշել է, որ հատկապես Արցախի ուղղությամբ խորացել է Մոսկվայի և Կարմիր խաչի գործակցությունը: ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ Կրեմլն ավելացրել է կազմակերպության ֆինանսավորումը՝ մարդասիրական հարցերի լուծմանը նպաստելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌԴ-Ն ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
Ուկրաինան Բախմուտի ուղղությամբ ամեն օր եռանիշ թվով զինվորական է կորցնում՝ հայտնել է գերմանական «Շպիգելը»՝ հղում անելով Հետախուզության դաշնային ծառայությանը:
Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը նույնպես կրում է հսկայական կորուստներ միևնույն ուղղությամբ ընթացող մարտերում: Միաժամանակ, Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է տեղեկությունը, թե Բեռլինը դեմ է Կիևին «Լեոպարդ» տանկեր տրամադրելուն: Նա ասել է, որ այդ ուղղությամբ քննարկումները դեռ շարունակվում են:
Նախարարի խոսքով՝ տանկերի տրամադրման կողմ և դեմ փաստարկները ծանրակշիռ են, և պետք է որոշումն արդարացված լինի:
ԵՄ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ՄՈՏ 50 ՄԼՐԴ ԵՎՐՈ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
ԵՄ երկրները Ուկրաինային հատկացրել են մոտ 50 միլիարդ եվրո օգնություն, որից 10 միլիարդը՝ ռազմական ոլորտում, ուրբաթ Մադրիդում կայացած «Նոր տնտեսություն» ֆորումի մրցանակաբաշխության ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եթե գումարեք այն ամենը, ինչ Եվրոպան արել է Ուկրաինայի համար, ոչ միայն ռազմական աջակցությունը, որը ես պնդում էի, այլև տնտեսական, մակրոֆինանսական, մարդասիրական բոլոր տեսակի օգնությունները, ապա այն մոտեցել է 50 միլիարդ եվրոյին»,- ասել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ուկրաինային կազմել է 17 մլրդ եվրո, իսկ ԵՄ երկրներինը՝ գրեթե 10 մլրդ, Եվրամիության ընդհանուր օգնությունն ամենամեծն է։
ԵՄ-Ն ԴԺԳՈՀ Է ԿՈՍՈՎՈՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Եվրամիությունը դժգոհ է Կոսովոյի խնդրի լուծման հարցում չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբինա Կուրտիի գործողություններից։ Այս կարծիքն է հայտնել Արևմտյան Բալկանների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը ուրբաթ Կուրտիի հետ հանդիպումից հետո։ Նա պարզաբանել է, որ բանակցություններն անցել են բաց և ազնիվ ձևաչափով, սակայն հանդիպումը հեշտ չի եղել, և միջազգային պատվիրակությունը՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչների, Կոսովոյի իշխանություններից ավելի արդյունավետ աշխատանք է ակնկալում Բելգրադի ու Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Ըստ խնդրի վերաբերյալ 2013 թվականի ապրիլի 19-ին ընդունված բրյուսելյան համաձայնագրերի՝ Կոսովոյում պետք է ստեղծվի Սերբական մունիցիպալիտետների համայնք՝ չճանաչված հանրապետությունում բնակվող սերբերի ինքնակառավարման մարմին: Վուչիչը բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը կատարել է բրյուսելյան համաձայնագրերի իր մասը, մինչդեռ կոսովցիները սկսած գործընթացը դադարեցրել են։