Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Թուրքիա Ստոկհոլմում տեղի ունեցող հակաթուրքական ցույցերի պատճառով։
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նրա խոսքով՝ որևէ քայլ չի ձեռնարկվել Թուրքիայի նկատմամբ այդ գործողությունների դեմ։
«Ուստի այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարելիք այցն իմաստ, կարևորություն ու նշանակություն չունի։ Այդ պատճառով մենք չեղարկեցինք այցը»,- ընդգծել է թուրք նախարարը:
Շվեդ նախարարի այցի նպատակը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության հետ կապված Անկարայի առարկությունները հարթելն էր:
Ըստ լրատվամիջոցների, Ստոկհոլմն արտոնել է հերթական հակաթուրքական ակցիան՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այն նախատեսում է անցկացնել շվեդ աջ ազգայնական գործիչներից մեկը: Անցյալ շաբաթ Շվեդիայի մայրաքաղաքում բողոքի ակցիա էր տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Քրդստանի աշխատավորական կուսակցության, որին Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում: Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ակցիայի ժամանակ ոտքերից կախվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցնող խրթվիլակ: Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ակցիան։