Պատմական միջավայրի պահապան Սահակ Մարտիրոսյանը Արագածոտնի մարզի հինգ գյուղի ավելի քան 140 հուշարձան, այդ թվում՝ Ախթամիր ամրոց հնավայրն է հսկում, կասկածներ ունի. այս մարդիկ պարզապես զբոսանքի համար չեն այստեղ:
Սահակ Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Արագածոտնի ՊՄՊ հսկիչ) - Ֆակտ. քեզ ստեղ տեսնում ենք, կիրակի օրը չգիտեմ՝ դուք եք քանդել, ով է քանդել, հիմա մենք կասկածում ենք, որ դուք եք քանդել:
Ամրոց-հնավայրի տարածք վերջին շրջայցը հունվարի 18-ին է եղել: Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայողները հնավայրի դամբարանադաշտի տարածքում հերթական գանձախուզության դեպքն են գրանցել:
Արթուր Թովմասյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Արագածոտնի ՊՄՊ ծառայության պետ) - Սա արձանագրվել է երեկ: Ամենաթարմ դեպքն է Ախթամիրի տարածքում, նյութեր ենք նախապատրաստում ոստիկանություն դիմելու համար: Այս պահին հստակ հնարավոր չէ իմանալ՝ ինչ են գողացել, որովհետև տարածքում հնագիտական պեղումներ արված չեն:
Ախթամիրի տարածքում ամենուր ջարդված խեցեղեն, դամբարանների տեղաշարժված սալաքարեր են: Հուշարձանի ամբողջ տարածքը մոտ 60 հա է, թվագրվում է մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև 19-րդ դար: Վերջին անգամ այստեղ գանձագողություն 2020-ին է գրանցվել:
Արթուր Թովմասյան - 2020 թվականին ունենք գրանցված մոտ երեք տասնյակ գանձագողության դեպք Ախթամիր ամրոցի տարածքում, որի մասով նյութերը ուղարկել ենք ոստիկանություն, իրենք էլ՝ քննչական, փորձագետներ են եկել, կատարվում է ուսումնասիրություն:
Հայաստանի ավելի քան 25 000 հուշարձանից մոտ 20 000-ի պահպանությունը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 11 մարզային ծառայություններն են իրականացնում՝ հուշարձանների 135 հսկիչով: Պահպանության բաժնի պետը անկեղծանում է՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ քիչ, դժվար է հատկապես անտառներում, աչքից հեռու գտնվողների պահպանությունը:
Վիկտորիա Իսահակյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Հուշարձանների պահպանության բաժնի պետ) - Յուրաքանչյուր մարզում մոտ 10 պահապան ունենք, և 10 հոգով բավականին դժվար է էտքան հուշարձանների պահպանությունը: Յուրաքանչյուր պահապան ունենում է 3-15 համայնք, որտեղ մինչև 200-300 հուշարձան է, չնայած մեր պահապանները անում են հնարավոր ամեն ինչ:
Արագածոտնի մարզում, օրինակ, գրանցված է 1951 հուշարձան, 11 պահապան է հսկում՝ շաբաթական գրաֆիկով, տարբեր հուշարձաններ այցելելով, ոչ միշտ է հաջողվում ժամանակին կանխել հողի տակ գանձեր փնտրողների գործողությունները:
Վիկտորիա Իսահակյան - 2022 թվականին 79 իրավախախտման դեպք ենք արձանագրել, դրանք տարբեր բնույթի իրավախախտումներ են, որոնցից 4-ը գանձագողություն էր, 2021 թվականին 131 դեպքից 12-ն էր գանձագողություն, և 20 թվականին նորից 79-ից 13-ը՝ գանձախուզություն-գանձագողություն:
Նկարահանման պահին Ախթամիր ամրոցի տարածքում հանդիպած անձանց՝ գանձախուզությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը պարզելու համար Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայությունը դիմել է Ոստիկանություն: