ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Չորս մարզում պարեկային ծառայության գործարկման մեկնարկին հետևող վարչապետը Արագածոտնում անդրադարձավ երկրում ամենատարբեր ոլորտների խնդիրների լուծմանն ու նշեց՝ դրանք պետք է լինեն արմատական:
Նիլոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այդ պրոբլեմները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով շատ հաճախ: Եվ ուզում եմ ընդգծել, որ պարեկային ոստիկանությունը հենց կարկատանային տրամաբանությունից դուրս գալու ամենավառ դրսևորումներից է: Որովհետև երբ որ մենք սկսել ենք խոսել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության մասին, սկզբունքային, կարևոր նշանակություն է եղել, որ պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավտոմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունը:
Ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն՝ նշեց վարչապետը: Ոստիկանության, փրկարար ծառայության, ներքին գործերի համակարգի բարեփոխումները հաջող են ընթանում, և այսուհետև էլ դրանք պետք է վճռականորեն արվեն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիլոլ Փաշինյան - Շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ: Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, և սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար:
Քաղաքացուն մատուցվող իրավակարգի ծառայությունը բարձրացվում է նոր որակի՝ նշեց վարչապետը:
Նիլոլ Փաշինյան - Կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն: Մինչդեռ մարդուն կարգի հրավիրելը, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումը առաջին հերթին հանուն մարդու է: Որովհետև երբ որ դուք կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին նրան եք լավություն անում: Երբ որ ալկոհոլ օգտագործած վարորդին թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև նրա գործողություններից տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, նրա բարեկամները, Հայաստանի քաղաքացիները:
Աշտարակում վարչապետը ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներին:
ՀՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ. ՎԱՐՉԱՊԵՏ
Կոտայքի մարզի պարեկայիններին ողջունելուց հետո վարչապետը նշեց՝ այս գործընթացն անշրջելի է, և ծառայության ստեղծմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, իսկ պարեկներին հորդորեց առաջնորդվել միայն օրենքով:
Նիլոլ Փաշինյան - Հայաստանի հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ, և այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք այսօրվանից սկսած:
Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Պարեկայինում ծառայության անցած կանանց, վստահեցրեց, որ նրանք նոր ստանդարտների ու մտածողության ներդրողներն են: Գեղարքունիքում վարչապետը հույս հայտնեց, որ Պարեկային ծառայության ստեղծումով ավտոպատահարների թիվը կնվազի: Հաշվի առնելով մարզի առանձնահատկությունը՝ հաջորդ փուլով այստեղ կգործարկվի նաև առափնյա և ջրային պարեկային ծառայություն:
Նիլոլ Փաշինյան - Մեր ամենամեծ հակառակորդը այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական մտածելակերպից սկսած մինչև նույնիսկ իրավապահ համակարգ, նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Պարեկային ոստիկանության օրինակով նաև հանրությունը պիտի վերաբերմունք ձևավորի պարեկային ոստիկանության նկատմամբ: Ինչու են մեր երկրում աղետները շատ. որովհետև շատ դեպքերում ասում են՝ լավ, էս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Եվ այդ ամեն ինչի հետևանքով, երբ որ հանցագործության մասին հայտնելը, դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած քաղաքացու գործն է:
Քաղաքացու հետ գործակցելու ավանդույթ պետք է ձևավորվի՝ պարեկներին հորդորեց վարչապետը: Կոռուպցիան ավերում է երկիրը, զրկում ապագայից, Տավուշի պարեկներին վարչապետի հորդորն է.
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և պահանջել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի:
Ամբողջ ոստիկանության կառուցվածքը փոխվելու է՝ հավաստիացրեց վարչապետը, շուտով կգործի ոստիկանության գվարդիան, քրեական ոստիկանությունը, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչությունը, որոնք պարեկային ծառայության հետ կհամարվեն առաջնային իրավակարգի հենասյուները: