ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ԿՐԱԿԵԼ Է ԱՆՑՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Վրաստանի Կախեթի շրջանի Սագարեջո քաղաքում 48-ամյա տղամարդը գիշերն իր բնակարանի պատշգամբից կրակել է անցորդների վրա, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է: Սպանվածների թվում կա մեկ ոստիկան, որը մասնակցել է հանցագործին վնասազերծելու հատուկ գործողությանը։
Վրաստանի ներքին գործերի նախարարը լրագրողներին ասել է. «Կատարված հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են, մենք պարզել ենք, որ մինչև 2021 թվականը հանցագործը ծառայել է վրացական բանակում, մասնակցել Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը»: Հարձակվողը ոստիկանության հատուկ գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց ինքնասպան է եղել։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՂԵՏ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Ուկրաինայի պատերազմը աղետ է ամբողջ տարածաշրջանի համար. մինչ պատերազմը երկրներն ավելի քիչ ուշադրություն էին դարձնում Միջին միջանցքին, սակայն պատերազմից հետո ուշադրությունը մեծացել է, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը, որը ներկայացրել է Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը:
«Ադրբեջանի նախագահը նշեց, ես նույնպես ցանկանում եմ կրկնել, որ Վրաստանը հիանալի հարաբերություններ ունի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի հետ։ Մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Ներկայումս մենք մեծ ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքների բարելավման համար, և մայրուղիները, որոնք կառուցման փուլում են, պետք է ավարտվեն մինչև 2024 թ. վերջը»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են, և միասին իրականացվել են շատ կարևոր պատմական նախագծեր, և դա կշարունակվի նաև ապագայում։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա նշել է, որ Վրաստանը չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է: «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում։ Որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,- հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը` ընդգծելով՝ հավատում է համագործակցությանը:
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Գերմանական Ռամշտայն ավիաբազայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը։ Այն նվիրված է Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մատակարարմանը: Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։ Միջոցառումից առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում այժմ «բեկումնային պահ» է հասունանում: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի գլխավոր զենքը ժամանակն է, ու պահանջել է մեծացնել զենքի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին։
Սպասվում է, որ դաշնակիցները կքննարկեն Կիևին ծանր տանկեր մատակարարելու պատրաստ երկրների կոալիցիա ստեղծելու հարցը։ Խոսքն առաջին հերթին Leopard 2-ի մասին է։ Լեհաստանը, Դանիան և Ֆինլանդիան հայտարարել են դրանք Ուկրաինայի զինված ուժերին ուղարկելու պատրաստակամության մասին։ Որևէ երկիր չի կարող Leopard տանկեր փոխանցել առանց դրանք արտադրող Գերմանիայի թույլտվության: Սակայն Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին առանց Բեռլինի համաձայնության։
Հունվարի 19-ին Լլոյդ Օսթինը և Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը քննարկել են այդ հարցը, սակայն համաձայնության չեն եկել: Գերմանական կողմը պնդում է, որ իր տանկերն Ուկրաինա կուղարկի այն դեպքում, եթե Պենտագոնն էլ Կիևին տրամադրի իր Abrams տանկեր, ինչին ԱՄՆ-ը դեմ է:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԻԵՎԻՆ
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։ Այն ներառում է հարյուրավոր զրահամեքենաներ և հետևակի մարտական մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և այլ զինատեսակներ, հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինան կստանա զինամթերքներ NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, «Ավենջեր» զենիթահրթիռային համալիրներ, «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, «Սթրայքեր» զրահագնացներ և այլ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հրթիռներ, հրետանային արկեր, փամփուշտ, գիշերային տեսանելիության սարքեր, պահեստամասեր և այլ սարքավորումներ։
Աջակցության նոր փաթեթի մասին տեղեկությունը հաստատել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 27,4 մլրդ դոլար։
ՌԴ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է. ՄԻՇԵԼ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը դժվարանում է: Ըստ Bloomberg գործակալության՝ Միշելը հայտարարել է. «Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր նոր քննարկում շատ ավելի բարդ է լինում, քան նախորդը»:
Նա հավելել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցների հետևանքով Եվրամիությունում և արևմտյան այլ երկրներում առկա տնտեսական և սոցիալական բոլոր դժվարություններին՝ ԵՄ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել հավելյալ սահմանափակումներ մտցնելու համար։
Կիև այցով ժամանած Միշելը ևս մեկ անգամ իր անձնական աջակցությունն է հայտնել Ուկրաինային գերմանական տանկեր մատակարարելու գաղափարին: Նա ասել է, որ հնարավորության սահմանում կաջակցի, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա: Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, թե առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի հակամարտության համար: Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց ստացել է «Ավանդի համար» շքանշանը: