Եվրոպական կառույցների ներկայացուցիչները շարունակում են Ադրբեջանից պահանջել՝ բացել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Լաչինի միջանցքի մեկ ամսից ավելի փակ լինելու վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը:
Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիր (Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ) - Կողմերին կոչ եմ անում օպերատիվորեն վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում իրենց խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Մենք պատրաստ ենք նպաստելու այս հարցում նրանց ջանքերին:
ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում էլ միջանքով մուտքի շարունակական խոչընդոտների ու դրանից բխող մարդասիրական հետևանքների վերաբերյալ մտահոգություն են հայտնել Շվեյցարիայի ներկայացուցիչները: Երկրի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի դիվանագետներն ընդգծել են միջանցքի ապաշրջափակման կարևորությունը.
«Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»:
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն է անդրադարձել նաև ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրա-ուսկայտեն: Դիվանագետը կրկնել է Ադրբեջանի իշխանությանն ուղղված կոչը՝ ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան