Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստը կկայանա խորհրդի ներքո գործող սահմանադրական հանձնաժողովի ձևավորումից հետո: 2022-ի մարտից գործող մասնագիտական հանձնաժողովը դեկտեմբերին լուծարվել է՝ 2023-ի ֆինանսավորման հատկացումից հետո կրկին ձևավորվելու համար: Հունվարին նիստ հրավիրվել է, սակայն խորհրդի առաջարկով՝ քննարկելու նախորդ նիստից կիսատ մնացած աշխատանքները:
Հանձնաժողովը գործում է պետության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ: 2022-ին Անահիտ Մանասյանի՝ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո այն աշխատանքը շարունակել է 4 հոգանոց կազմով: Հայտարարվել է նոր հանձնաժողովի ստեղծման մրցույթ, որը, հավանաբար, կկայանա հունվարի վերջին:
Տիգրան Դադունց (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Դիմել է 6 հոգի, նրանց տվյալները հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում: Կարող էին դիմել այն իրավաբան գիտնականները՝ իրավագիտության թեկնածու, իրավագիտության դոկտոր կամ արտասահմանյան բուհում իրավագիտության մագիստրոսի կոչում ձեռք բերած գիտնականները, ովքեր ունեն 7 տարվա մասնագիտական ստաժ:
Ըստ նոր կարգի՝ հանձնաժողով ձևավորելու համար սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կարող է ընտրել մինչև 5 անդամի: Տիգրան Դադունցի խոսքով՝ հանձնաժողովը կրկին կգործի մեկ տարի ժամկետով, եթե խորհուրդը չորոշի երկարաձգել աշխատանքը: Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են խորհրդի դռնփակ նիստում: Թեկնածուների հետ կանցկացվեն հարցազրույցներ, կգնահատվեն, կամփոփվեն արդյունքները: Օրենսդրության զարգացման կենտրոնի ղեկավարը հիշեցնում է խորհրդի արդեն կայացրած որոշումները: Դրանցից մեկով կողմ է արտահայտվել երկրի կառավարման ձևը չփոխելուն՝ որպես հայեցակարգային ուղղություն ընտրելով խորհրդարանական մոդելը:
Տիգրան Դադունց - Նաև դրական որոշում է կայացվել՝ կապված այն հարցի հետ, թե Սահմանադրությամբ ինչ տեղ, ամրագրում պետք է ունենան մեր միջազգային վերպետական կազմակերպությունների՝ օրինակ, ԵԱՏՄ-ի ակտերը, և հիմա օրակարգում մի հարց կա՝ տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները Սահմանադրության 3-րդ գլխից 2-րդ գլուխ բերելու և հիմնական իրավունք դարձնելու հարցն է, որը, հուսով ենք, կշարունակի քննարկվել:
Հաջորդաբար օրակարգ կմտնեն նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների հավասարակշռման, դատական իշխանության հետ կապված հարցեր: Քննարկումների նպատակն է՝ մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, նախագիծ, որն էլ կուրվագծի, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն Մայր օրենքի տեքստում:
Տիգրան Դադունց - Եթե այնպիսի փոփոխություններ են, որոնք կարող է Ազգային ժողովն անել, ապա կարող է գնալ ԱԺ քննարկմանը: Եթե այնպիսի փոփոխություններ են, որ հանրաքվեի կարիք ունեն, և նման որոշում կայացվի, կլինի հանրաքվե:
Նախագծի մշակումը նախատեսվում է իրականացնել մինչև հունիս, բայց Տիգրան Դադունցը չի բացառում, որ կերկարաձգվի ժամկետը՝ հաշվի առնելով աշխատանքի բարդությունը: