Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20000 երեխա զրկվում է կրթություն ստանալու հնարավորությունից:
Արցախի կառավարության տեղեկագրում նաև հրապարակված է Արցախի շրջափակման 40-րդ օրվա թարմացված վիճակագրությունը.
-
9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
-
9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
-
Արդեն 154 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
-
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 460 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
-
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 36 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
-
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 15600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Տեղեկագրում հրապարակված են նաև կարևոր փաստեր.
-
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 40 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120000 բնակչությանը:
-
Շրջափակման պատճառով Արցախի 120000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
-
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
-
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 117 դպրոցների աշխատանքը՝ գրեթե 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: