Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել է Գերմանիայի ցանկությունը՝ Կիևին չտրամադրել Leopard տանկեր: Նա հորդորել է ԱՄՆ վարչակազմին անհապաղ ամերիկյան Abrams տանկեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դա կստիպի Գերմանիային կանաչ լույս վառել գերմանական տանկերի տեղափոխման համար։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չի կարողացել Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսին համոզել գերմանական տանկերն ուղարկել Ուկրաինա: Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Գերմանիան պատրաստ է այդ քայլին այն դեպքում, եթե ԱՄՆ-ն իր Abrams տանկերն ուղարկի Ուկրաինա, և չի ցանկանում դիտարկել այլ տարբերակներ։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում աճում է նյարդայնությունը՝ կապված Գերմանիայի պահանջների հետ։ Պենտագոնը բազմիցս բացատրել է, որ Abrams տանկերը չի ուղարկում Ուկրաինա դրանց պահպանման ծախսերի պատճառով։
Պենտագոնի մամուլի ծառայությունը միաժամանակ հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։ Այն ներառում է հարյուրավոր զրահամեքենաներ և հետևակի մարտական մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և այլ զինատեսակներ։
Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 27,4 մլրդ դոլար։