Կարմիր լույսի տակով անցնելու ակտ լինի թե Հարկայինի նշանակած տուգանք՝ եթե հարցը բանկային հաշվի արգելանքին է հասել՝ ճիշտը Հարկադիր գալ-տեղում առձեռն վճարելն է՝ պնդում է արագաչափի տակ նկարված երիտասարդ այս մեքենայատերը։
Այցելու - Տերմինալով որ վճարում ենք, մինչև մի 2-3 օր չենք կարում գործարք անել, արգելանքը շարունակում ա ուժի մեջ մնալ, հա։ էստեղ մի քանի ժամվա մեջ բացվում է:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սպասարկման կենտրոն մարդիկ շատ գալիս են ինչպես Ճանապարհային ոստիկանությունից, կայանման կարմիր գծերի ու գույքահարկի համար քաղաքապետարանից ստացած ծրարներով, այնպես էլ դատարանների կատարողական թերթիկով։ Նաև՝ բանկային ամենատարբեր պարտավորություններ կատարելու։
Այցելու - Ես հիմա գործարք ունեմ անելու բանկում, պետք է ստեղ վճարեմ, որ կարենամ անել:
- Արգելանք կա՞ դրված:
- Հա։
- Բանկում չէիք կարող վճարումն անել, չէ՞, որ արագ լինի՝ այստեղ պետք է:
Արգելանքը հանելն այստեղ արագ է ստացվում մուծած գումարն անմիջապես մուտք անելու շնորհիվ՝ բացատրում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի պատասխանատուն։
Խաչատուր Իգիթյան (քաղաքացիների սպասարկման բաժնի պետ) - Ի տարբերություն բանկում կատարվող վճարումների, մեզ մոտ ավելի արագ արգելանքը վերացվում է, քանի որ գումարը միանգամից արտացոլվում է տվյալ բաժնի հաշվեկշռին:
Երբ բնակիչը Հարկադիր հասած այս կամ այն պարտքը բանկում կամ տերմինալով է վճարում, այդ մասին ինֆորմացիան ֆինանսական համակարգից իրենց է հասնում երկու օղակները կապող էլեկտրոնային վարույթների շտեմարանի միջոցով՝ բացատրում է ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետը։ Այս ծրագիրն է նույնականացնում առևտրային բանկից ստացած քաղաքացու վճարման մասին հաղորդագրությունը, այն համեմատում վարույթի տվյալների հետ․ եթե պահանջվող գումարն ամբողջությամբ է մարվել՝ արգելանքը հանվում է՝ ցանցից պատահական ընտրած մի օրինակի վրա բացատրում է Դավիթ Կնյազյանը։
IT ոլորտը գերակա հռչակած Հայաստանում աշխատանքի այդ տեմպն ընդունելի չէ։ Գործընթացներն արագացնելու նպատակով Կենտրոնական բանկի ղեկավարն ու արդարադատության նախարարն օրերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, համաձայն որի՝ ցանցում կներդրվեն թվային նոր լուծումներ, ինչը թույլ կտա ինքնաշխատ եղանակով էականորեն կրճատել ապաարգելադրման ժամկետները։
Դավիթ Կնյազյան (ՀՀ արդարադատության նախարարության ՀԿԱԾ ՏՏ բաժնի պետ) - Ներկայիս գործող ժամանակահատվածը 3-7 օրում է կատարվում, նախատեսվում է ծրագրի ամբողջական ներդրումից հետո այն հասցնել 1-2 օրվա:
Որոշված է՝ քաղաքացու վճարումից հետո արգելանք հանելն արագացնելու ծրագիրը պետք է մշակի Հարկադիրը։ Այն տրամադրի Կենտրոնական բանկին, որտեղից կապահովեն համակարգի ներդրումն առևտրային բանկերում ու վճարահաշվարկային կազմակերպություններում։ Ամբողջը կտևի առավելագույնը 6 ամիս՝ վստահեցնում է արդարադատության նախարարի խորհրդականը։
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Հարկադիրում մոտ 3 ամիս է տևելու գործընթացը, այդքան էլ՝ ներդրման համար։ Հետո նախատեսում ենք ամբողջությամբ թվայնացնել գործընթացը:
Ըստ Լիանա Թովմասյանի՝ որոշ բանկերի դեպքում բարեփոխման արդյունքը քաղաքացիները կզգան մինչև ամառ։