Հայաստանում գյուղտեխնիկայի մոտ 10 տոկոսն արդեն թարմացված է: Ծրագրի իրականացումը Կառավարությունն սկսել է դեռ տարիներ առաջ՝ գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման նպատակով: Մարզերում անցկացված ուսումնասիրությունը փաստեց, որ երկրում հաշվառված մոտ 26 հազար միավոր գյուղտեխնիկան նորոգելն ու շահագործելն այլևս անիմաստ է: Կառավարությունը որոշեց պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի պարկը թարմացնել 500 միավոր գյուղտեխնիկայով:
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ միայն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգով տրամադրվել է 502 միավոր տեխնիկա, դեռևս դեկտեմբեր ամսվա տվյալներն ամփոփված չեն, և շուրջ 50 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակության բարձրացման ծրագրի շրջանակում:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շնորհիվ արդեն մի քանի տարի է՝ Կառավարության նախանշած 500 միավորից ավելի են գնում: 2020-ին նույնիսկ 570 միավոր տեխնիկա է ձեռք բերվել: Շահագրգռող պայմանն այն է, որ 14 տոկոսով գյուղտեխնիկա ձեռք բերելու 12 տոկոսը սուբսիդավորվում է պետական միջոցներից:
Իռա Փանոսյան - Կառավարությունը սուբսիդավորում է 12 տոկոսը, որպեսզի տնտեսվարողներին հասանելի լինի 2 տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալող և զինվորական գործողությունների կամ մարտական հերթապահության ժամանակ հաշմանդամություն ունեցող տնտեսվարողներին սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որպեսզի լիզինգը հասանելի լինի 0 տոկոսադրույքով:
Կանխավճարը 20 տոկոս է, մարման ժամկետը, կախված տեխնիկայի տեսակից՝ 3-10 տարի: Վերջին 4 տարում գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 2360 միավորով: Տեխնիկայի մոտ 44 տոկոսը բելառուսական է, 35 տոկոսը՝ չինական, իսկ մնացածը՝ եվրոպական, ամերիկյան ու ռուսական արտադրության: Ֆերմերների կողմից պահանջված լիզինգով գյուղտեխնիկայի ծրագիրն այս տարի ևս կշարունակվի: