Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը մտնում է գործնական փուլ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հայաստանում Իրանի դեսպանը Նորավան ենթակայանում հետևում են աշխատանքներին:
էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման մեկնարկը տրվել է դեռևս 2006 թվականին, սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի խոսքով՝ աշխատանքները փաստացի սկսվել են 2015-2016 թթ:
Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ)- Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում լայն թափով աշխատանքներն սկսվել են 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից:
«Դեռևս 17 տարի առաջ մեկնարկած ծրագրի իրականացումը ձգձգվել է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ վատթարացել է կապալառու ընկերության՝ «Սամիր»-ի ֆինանսական վիճակը»,- նշեց փոխնախարարն ու վստահեցրեց. «Խոչընդոտների 90 և ավելի տոկոսը վերացվել է»:
Փոխնախարարը հույս ունի, որ այս տարեվերջին ամբողջությամբ կավարտեն Իրան-Հայաստան համատեղ այս ծրագիրը, էլեկտրահաղորդման գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի:
Հակոբ Վարդանյան - 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատտի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդեալական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել:
Կառուցման համար վարկը տրամադրել է Իրանի Արտահանման զարգացման բանկը, կապալառու ընկերությունն էլ իրանական է, իսկ հայկական կողմը պատվիրատուն է: Հայաստանում Իրանի դեսպանը ցավով նշեց աշխատանքների ձգձգման մասին, բայց արձանագրեց՝ ներկայումս դրանք ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում:
ՀՀ-Ն ՄԵԶ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿԻՐ Է. ԶՈՀՈՒՐԻ
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է, և Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված: Բնական է, որ այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ:
Դեսպանը հավելեց՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև գործակցությունը կարող է օրինակ լինել տարածաշրջանում:
Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Իրանի պատվիրակություններն այցելեցին նաև Սյունիքի մարզում կառուցվող նոր ճանապարհներ, որտեղով պետք է անցնեն նաև իրանական բեռնատարները: Նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ Շամբ -Լծեն 6 և Տաթև-Լծեն՝ 20 կմ ճանապարհահատվածների շինարարությունը կավարտվի մինչև ամառ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ը՝ նախապատրաստական փուլում է, առաջիկայում կասֆալտապատենք, իսկ Տաթև-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ը ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճն է տեղադրված ու բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է:
Կառուցվող ճանապարհներին նախատեսում են տալ հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ:
Գնել Սոնոսյան - Այս Ճանապարհը նախատեսված է, որ Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհն ավելի հեշտ անցնի, Սիսիանից միանգամից դեպի Տաթև գյուղ դուրս կգանք: Գլխավոր դժվարությունը գիտեք՝ Տաթևի ոլորաններն էին, որոնք այս պարագայում այդ ճանապարհից առանձին կինեն:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Շրջայցին հաջորդեց Իրան-Հայաստան համաժողովը, որտեղ հայկական կողմը ներկայացրեց ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերը: Ներկա էին ճանապարհաշինության, ջրամբարաշինության, էներգետիկայի ոլորտներով հետաքրքրվող իրանցի գործարարները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ իրանցի գործարարները հետաքրքրված են նաև Հայաստանում գնումների համակարգի առանձնահատկություններով:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Նպատակն է խթանել, որ իրանական առաջատար ընկերություններին ավելի ակտիվ մասնակցություն ունենան մեր կողմից իրականացվող մրցույթներին, ներգրավվեն տարբեր ոլորտների շինարարական նախագծերում:
«Հայաստանում տարեցտարի ավելանում է ենթակառուցվածքների՝ դպրոցների, էլետրագծերի, ջրամբարների, ճանապարհների շինարարությունը»,- շեշտեց Գնել Սանոսյանը՝ նկատելով, որ հայաստանյան շինարարական ընկերությունները չեն կարողանա բավարարել պետության կողմից տրված ամբողջ պատվերը:
Գնել Սանոսյան - Տեսնում ենք համագործակցության լայն հնարավորություն, տեսնում ենք իրանական ընկերությունների՝ Հայաստանի շինարարության ոլորտում ընդգրկվելու լավ հնարավորություն: Կարծում եմ՝ այս հանդիպումը որոշակի առիթ և հարթակ կհանդիսանա, որպեսզի իրանական ընկերություններն ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն մեր քաղաքաշինական շուկայի նկատմամբ:
Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասել է 700 մլն դոլարի, սակայն սա հեռու է ցանկալի կետից. կան բազմաթիվ չօգտագործված կարողություններ. հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը: Նա հույս հայտնեց, որ այս համաժողովը կնպաստի հասնելու երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված՝ 1 մլրդ դոլարի առևտրաշրջանառության ծավալին։
Աբբաս Բադախշան Զոհուրի - Կովկասյան տարածաշրջանն այսօր անցնում է շատ զգայուն պայմանների միջով, և կարևոր է Հայաստանի ու Իրանի միջև հատկապես տնտեսական ոլորտում հարաբերությունների ընդլայնումը։ Այդ ճանապարհին կարևոր է հաշվի առնել երկու երկրների կարողությունները։ Հուսով եմ` կողմերի հետևողականությամբ կվերացվեն առկա խոչընդոտներն ու բարդությունները, որպեսզի հնարավորինս շատ իրանական տեխնիկաինժեներական ընկերությունների ներգրավում ապահովվի Հայաստանում իրականացվող աշխատանքներին։
Դեսպանը Սյունիքում անդրադարձավ նաև քաղաքական հարցերի: Աբբաս Զոհուրին վերահաստատեց Իրանի Արտաքին գործերի նախարարի՝ նախորդ տարի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է: Դեսպանը շեշտեց՝ իր երկիրը բոլոր հարևան երկրների հետ վարում է քաղաքականություն, որի նպատակը բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումն է. Հայաստանն էլ այդ քաղաքականության մաս է: Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքներին համապատասխան՝ եզրափակեց դեսպանը:
Հեղինակներ՝ Անի Օհանյան, Նորայր Շողիկյան