Վրաստանի Կախեթի շրջանի Սագարեջո քաղաքում 48-ամյա տղամարդը գիշերն իր բնակարանի պատշգամբից կրակել է անցորդների վրա, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է: Սպանվածների թվում կա մեկ ոստիկան, որը մասնակցել է հանցագործին վնասազերծելու հատուկ գործողությանը, գրում է Aliq.ge-ն։
Վրաստանի ներքին գործերի նախարարը լրագրողներին ասել է. «Կատարված հանցագործության դրդապատճառները դեռևս անհայտ են, մենք պարզել ենք, որ մինչև 2021 թվականը հանցագործը ծառայել է վրացական բանակում, մասնակցել Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելությանը»:
Հարձակվողը ոստիկանության հատուկ գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց ինքնասպան է եղել։