Աշխատող բնակչության շրջանում սեզոնային գրիպի դեմ կոլեկտիվ պատվաստումներ են իրականացվում: Հերթականը նախաձեռնել է 400-ից ավելի աշխատակից ունեցող ԱյԹի ընկերություններից մեկը:
Ռիչարդ Բեզջյան (ընկերության հիմնադիր տնօրեն) - Մեր արդյունքը, որ կստեղծենք կլիենտներու համար, աշխարհի տարբեր երկրներու համար, մեր ինժեներներն են, մեր մտային ուժն է և անձինք են, եթե այդ մարդիկ չկարողանան աշխատել, հիվանդանան, դա բիզնեսին կտուժե: Մենք կնախընտրենք, որ մեր ժողովուրդը ճիշտ ժամանակին պատվաստվի, և ոչ միայն մեր կամպանիայի համար է կարևոր, այլև իրենց ընտանիքի մեջ, Հայաստանի մեջ:
Աշխատակիցներից ոմանք առաջին տարին չէ, որ գրիպի դեմ պատվաստվում են:
Կարեն Մկրտչյան (ընկերության աշխատակից) - Ես էլ, կինս էլ պատվաստվել ենք, ամբողջ տարվա ընթացքում ոչ մի անգամ գրիպով չհիվանդացանք, էն դեպքում, երբ երեխան գնում էր մանկապարտեզ: Համարյա ամեն շաբաթ նոր վիրուսով հիվանդանում էր, մենք իրենից չվարակվեցինք, և երկրորդը՝ մոտ 400 մարդ փոխանակ ամեն մեկը առանձին-առանձին գնա պոլիկլինիկա, ժամանակ կորցնի հերթերում, կենտրոնացված ստեղ միանգամից կպատվաստվեն:
Արա Գևորգյան (ընկերության աշխատակից) - Կարծում եմ՝ հարմար մեխանիզմ ա, երբ չես կտրվում գործից և միանգամից բոլորի հետ միասին պատվաստվում ես, երևի ամենաէֆեկտիվ մեթոդն ա գրիպով չհիվանդանալու:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները մեր երկրում իրականացվում են հատկապես ռիսկի խմբերում՝ հղիներ, տարեցներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ:
Գայանե Սահակյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ) - Բավականին բարձր է այս տարի մեր պահանջարկը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների նկատմամբ: Մեզ դիմում են նաև կոլեկտիվներ, ովքեր որ չեն ուզում իրենց աշխատողների և՛ առողջությունը խաթարվի, և՛ բարդություններ չլինեն, և, ինչու չէ, չխափանվի իրենց աշխատանքային գործունեությունը:
Քանի որ աշխատող քաղաքացիներից շատերը աշխատանքային օրերին չեն կարողանում այցելել բուժհաստատություններ, ուստի Գայանե Սահակյանը արտագնա այս պատվաստումները նպատակային ու արդյունավետ է համարում:
Գայանե Սահակյան - Բացի դրանից, իրենց հիմնական հանգստյան օրերը նաև շարժական կետ էր գործում, բայց նույնիսկ այդ կետի դիմելիությունը բարձր չէր, էլի նույն պատճառաբանությամբ, որ հանգստյան օրերը շատ քիչ են, և մարդիկ գերադասում են տանը մնալ, իրենց գործերն անել:
Սեզոնային գրիպի դեմ մեր երկրում քառավալենտ պատվաստանյութ է կիրառվում, որն ունի բարձր պաշտպանիչ հատկություն:
Գայանե Սահակյան - Այս պահին երկրում շրջանառվող հիմնական սեզոնային գրիպի շտամը H1N1-ն է, որի պատվաստանյութի բաղադրության մեջ պարունակվում է պաշտպանիչ հատկանիշը այս շտամի նկատմամբ:
Գրիպի դեմ պատվաստումների համար նախորդ տարվա ձեռք բերված 165 հազար դեղաչափի 80 տոկոսից ավելին արդեն սպառված է: