Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։ Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․ 2023 թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023 թ․ ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքների համար։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին 2022 թ․ մարտի 10-ի թիվ 312-Լ որոշումը, որը ուժի մեջ է մտել 2022 թ․ մարտի 13-ին։ Որոշման համաձայն՝ ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ծրագրի կազմակերպչական հարցերով կարող են դիմել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կողբացու 83, բն․1, հեռ․ +374 10 300 300, էլփոստ՝ [email protected])։