Հունվարի 19-ին Խոյ համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանհետ համատեղ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Գերմանիայի, Եվրոպայի, Հարավային Կովկասի ստորաբաժանման ղեկավար Թիլման Նագելը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ազգային ծրագրերի ավագ համակարգող Համազասպ Դանիելյանը, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ինչպես նաև համայնքի բնակիչներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահովել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմումների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի կողմից Խոյ համայնքի քաղաքացիներին կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝
Տեղեկանքների տրամադրում
Թույլտվությունների տրամադրում
Անշարժ գույքի հարկի հաշվարկում ու գանձում
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում
Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
Տեղական տուրքերի և վճարների գանձում
Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրա ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում
Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում
Քաղաքացիների ընդունելության գրանցում
Առցանց ծառայությունների տրամադրում։