Ֆուկուշիմա Մասանորի (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Շնորհավորում եմ ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։
Ավարտվեց «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը՝ Ճապոնիայի դեսպանության տրամադրած 70 հազար դոլարի ֆինանսական աջակցությամբ բարեկարգել է 240 աշակերտ ունեցող Մեծ Պարնիի Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցը:
Ֆուկուշիմա Մասանորի - Երիտասարդների լավ կրթությունը բանալի ուղի է երկրի զարգացման համար։ Իմանալով դպրոցի ոչ բարվոք պայմանների մասին՝ մենք որոշեցինք աջակցել հենց այս դպրոցի երեխաներին։
Լոռու փոխմարզպետի խոսքով՝ հանրակրթական դպրոցներում շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերը ևս մեկ քայլ են գյուղական բնակավայրերում կրթության որակի բարձրացման ուղղությամբ։
Գոռ Ասրյան (Լոռու մարզպետի տեղակալ) - Առաջնայինը հենց կրթությունն է, ամեն ինչ սկսվում է դպրոցներից և նախակրթարաններից, և վերջին ժամանակաշրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը, մեր կրթական համակարգի վրա, մեր դպրոցների, մանկապարտեզների, նախակրթարանների համար։ Սա շատ կարևոր էր գյուղի դպրոցի համար։
Դպրոցը նախկինում զրկված էր խմելու ջրից, աշակերտներն օգտվում էին բակային սանհանգույցներից։ Հիմա արդեն ջրամատակարարում ունեն, վերանորոգվել են 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան:
Արևիկ Հովսեփյան («Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ) - Նախ մենք խնայում ենք ջուրը, որովհետև էդ մաքրված ջուրը գնում ա, այսինքն՝ վերօգտագործումն ա ջրի, էդ մաքրված ջուրը գնում ա, ոռոգման նպատակով են օգտագործում։ Ձմռանը, իհարկե, էնտեղ փոքրիկ առու կա, լցվում է առուն, իսկ ամռանը իրենք ոռոգման նպատակով կարող են օգտագործել։
Մեծ Պարնիի աշակերտները գոհ են, կրթությունը շարունակելու են բարելավված պայմաններում:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան