Իրավապահները վաշտի կացարանի տարածքում զննության ընթացքում հայտնաբերել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ, նշանակվել են փորձաքննություններ: Ամբողջական պատկերը կտա նախաքննությունը: Պն-ից հայտնել են, որ զորամասի կացարանը եղել է ժամանակավոր, դեռևս ամիսներ առաջ նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ: «Լուրերի» նկարահանող խումբը այցելել է դեպքի վայր, փորձել մանրամասներ պարզել:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում գիշերը 01:30-ին բռնկված հրդեհը 15 ժամկետայինի կյանք է խլել: Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ զոհվածների անունները կհրապարակվեն նույնականացման աշխատանքների ավարտից հետո: Հրդեհված կացարանի հարևանությամբ ապրողները խուսափում են խոսել տեսախցիկի առաջ, նշում են՝ ուշ են տեղեկացել:
Կացարանի փլուզման և բռնկված հրդեհի հանգամանքները կպարզի քննությունը: Իրավապահները դեռ գիշերվանից դեպքի վայրում են եղել: Դեպքով ձերբակալվածներ այս պահին չկան: Զորամասում բռնկված հրդեհի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով:
Վարդան Վարդանյան (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ) - Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող բազմաթիվ առարկաներ, նշանակվել են փորձաքննություններ: Հարցաքննվել են դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցող վկաներ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ վաշտի տեղակայման վայրի կացարանում հրդեհը բռնկվել է զինծառայողի կողմից վառարանն ավտոբենզինով վառելու փորձ կատարելու հետևանքով:
Ողբերգական դեպքից ժամեր անց պաշտոնանկ արվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու տեղակալները, մի խումբ այլ բարձրաստիճան սպաներ: Հրդեհային անվտանգության կանոնների համար պատասխանատու պաշտոնյաների հնարավոր խախտումները ևս քննության կենթարկվեն: Զինված ուժերում կոմպրոմիս չհանդուրժելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ դեկտեմբերի 31-ին՝ զորամասերից մեկում զինծառայողների հետ հանդիպման ընթացքում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բաներ են եղել, որ ասել ենք` չնկատելու տանք, էլ չի լինելու տենց բան, ոչ մի բան չնկատելու չի տրվելու: Մենք ինչով պետք է` ապահովելու ենք բանակին, զինվորականությանը, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտը: Սա նշանակում է՝ մեր ամեն զինվորը, ամեն հրամանատարը` իր ինտելեկտուալ, ֆիզիկական, պրոֆեսիոնալ հատկություններով, պետք է մենք մեր գլխի վրայով թռչենք:
ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱՑԱՐԱՆԸ ԵՂԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ. ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ
Զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր, «Լուրերին» հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Արամ Թորոսյանը նշեց՝ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:
Արամ Թորոսյան (ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ) - Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:
Պաշտպանության նախարարության ձեռք բերած իտալական մոդուլային զորանոցները նախատեսված են լինելու նաև մյուս ստորաբաժանումների համար: ՊՆ-ն «Լուրերին» է փոխանցել նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք են ունենալու նոր կացարանները: Աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը:
Հեղինակ` Նորայր Շողիկյան