Այն ականները, որոնք քարոզչական նպատակով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և պնդում, թե Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-22 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված տարածքից, «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:
ԲԱՔՈՒՆ ԽՃՃՎԵԼ Է ԼԱՉԻՆԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ. ՄԻՐԶՈՅԱՆ
Ադրբեջանական կողմը խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում՝ նկատել է նախարարն ու անդրադարձել այսպես կոչված էկոակտիվիստների թեզերին:
Արարատ Միրզոյան - Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի՝ նշել է նախարարն ու ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտության մասին խոսել: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է՝ Հայաստանն առաջարկում է Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու է առաջ մղել այս գաղափարը:
Արարատ Միրզոյան - 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է:
ՀՀ-Ն ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՄԻՐԶՈՅԱՆ
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցություններին՝ Միրզոյանը շեշտել է՝ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է:
Արարատ Միրզոյան - Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել:
Նախարար Միրզոյանը պատասխանել է նաև Ալիևի պնդմանը, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը:
Արարատ Միրզոյան - Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:
Միրզոյանը հաստատել է՝ հայկական կողմը այժմ էլ պատրաստ է հանդիպման, սակայն, ըստ արտգործնախարարի, այդ հանդիպումն արդյունավետ և խոստումնալից չի թվում, քանի որ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառությունն արտահայտող համատեղ հայտարարությունը: