Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ են պարզվել: Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով:
Պարզվել է, որ վաշտի պատասխանատու կապիտանը 5 լիտր տարողությամբ պլաստմասսայե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։ Դա փաստվել է նաև վկաների ցուցմունքով, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9-ը։ Հունվարի 19-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը զորանոցում քնած է եղել, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, որը նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։ Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և ծառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով: Պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, և 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարելուց հետո։
Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ։