Աշխարհի ավելի քան 100 երկիր ուսումնասիրում է Կենտրոնական բանկի թվային արժույթների թողարկման հարցը: Մի քանի երկիր արդեն գործարկել է, մի մասը փորձնական փուլում է: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և Թունիսի գլխավոր դրամատները որոշել են կենտրոնանալ մեծածախ թվային արժույթի մշակման վրա, որը նախատեսված է առևտրային բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների՝ միմյանց միջև գործարքներ կատարելու համար: Նորվեգիան, Թուրքիան և Ռուսաստանը ընտրել են մանրածախ արժույթի մշակման տարբերակը: Իսկ, օրինակ, Չինաստանում արդեն գործարկվել և ակտիվ կիրառվում է թվային յուանը, և տնտեսությամբ երկրորդ երկիրն այս առումով համարվում է առաջինը:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Ժամանակի ընթացքում կանխիկի շրջանառությունը գնալով պակասելու է, այսինքն` փողի տեսքը էական չէ, կարևորը, որ հավաստիացում լինի, որ էդ փողը էս մարդը ունի, և այդ նույն փողը հնարավոր չէ 2 անգամ ծախսել: Էս բլոքչեյն տեխնոլոգիաները էդպիսի հնարավորություններ տալիս են: Այսինքն` թվային արժույթը մեր բանկային քարտերի ու բանկային հաշիվներում ունեցած փողերից տարբերվելու է մենակ նրանով, որ իրենք լինելու են հատուկ բազաներում և գաղտնագրված ծրագրային ապահովման միջոցով են կիրառվելու:
Կենտրոնական բանկերի թվային արժույթի պես ծախսատար և ժամանակատար նախագիծը ներքին շուկայում պետք է առաջարկի հստակ առավելություններ, որպեսզի այդ ներդրումը արդարացված լինի. Հայաստանի կենտրոնական բանկի դիրքորոշումն է:
ՀՀ կենտրոնական բանկ. «Կենտրոնական բանկում իրականացվում են հետազոտական աշխատանքներ կենտրոնական բանկերի թվային արժույթի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու նպատակով՝ համադրելով դրա ներդրման ծախսատարությունն ու դրան առնչվող ռիսկերն ընձեռած հնարավորությունները։
Ըստ Կարեն Զաքարյանի՝ կարևոր է, որ Հայաստանի գլխավոր դրամատունը ևս ուսումնասիրում է շուկան և չի ցանկանում հետ մնալ միջազգային զարգացումներից:
Կարեն Զաքարյան - Միաժամանակ, պետք է նշել, որ, օրինակ, բլոքչեյն տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ հետաքրքիր հավելումներ ունենալ տրադիցիոն ֆինանսական գործառնություններին զուգահեռ, օրինակ՝ սմարթ կոնտրակտների կամ խելացի կոնտրակտների, պայմանագրերի միջոցով կարելի է ավտոմատացնել գործարքներից գանձվող հարկերը, որն էապես կարող է նվազեցնել հարկային հետագա վարչարարության ծախսերը: Այս առումով այստեղ չիրացված հնարավորություններ կան, և կարծում եմ` ԿԲ-երը ճիշտ ուղղության վրա են:
Թվային արժույթի զարգացմանը զուգահեռ` կմեծանա նաև կիբեռհանցագործությունների ռիսկը: Կարեն Զաքարյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտությունն այս առումով շատ կարևոր է:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան