Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:
«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:
Կարինե Բաբայան (Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն) - Դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, որի դեպքում այտուցներ են առաջանում, և այդ այտուցի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը: Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից: Այսինքն՝ ապարատից դուրս կգանք:
Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող: