Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը Ծիծեռնակաբերդում այս տարի ներկա էին պատգամավորներ, դասախոսներ և ուսանողներ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանության ավելի քան 3 տասնամյակ վաղեմության այդ գործողությունները էթնիկ զտման քաղաքականության վառ օրինակ էին:
Վիլեն Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մոտ կես միլիոնանոց հայկական համայնք է եղել Ադրբեջանի Հանրապետությունում, որից, փաստացի, այս պահի դրությամբ համայնք չի մնացել, մեծ մասը դարձել են փախստականներ, հազարավոր մարդիկ զոհված և անհայտ կորած են, այդ քաղաքականությունն ապացուցվում է նրանով, որ ներկայում Ադրբեջանի Հանրապետությունում գործում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և այդ քաղաքականությունը բերել է նրան, որ Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցները փաստացի այլևս այնտեղ չեն բնակվում:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևս փաստում է, որ տասնամյակներ անց էլ Բաքվի ձեռագիրը նույնն է մնացել:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այսօրվա ակցիան շատ կարևոր է, որպեսզի ողջ աշխարհը տեսնի, որ մենք չենք մոռանում, և ցեղասպանությունը բոլոր ժամանակներում պետք է ունենա մեկ հստակ արձագանք ցեղասպանությանը, այն է՝ պիտի լինի պատիժ: Քանի մենք չենք ունեցել պատիժ, անընդհատ կրկնվելու է նույն հանցանքը:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանն էլ կարևոր է համարում, որ ինչպես ավելի քան 30-ամյա վաղեմության, այնպես էլ այսօր տեղի ունեցողի մասին աշխարհն ավելի շատ իմանա: Դրա համար անհրաժեշտ է հատկապես գիտական համայնքի ակտիվությունը, որ ձեռքի տակ եղած փաստերը հատկապես օտար լեզուներով հասանելի դարձնեն լայն հանրությանը:
Գայանե Հովհաննիսյան (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող) - Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նախանցած տարի ստեղծվել է խումբ, որը այնուհետև վերածվել է բաժնի, և այդ բաժինը արդեն իսկ նախապատրաստել է հոդվածների ժողովածու, և 2022 թ. երկրորդ համարն ամբողջությամբ նվիրված է արցախյան թեմային:
Այժմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում քննարկվում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի մասին տեղեկություններն առանձին հատորով հրատարակելու հարցը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան