ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԱՂԵՏ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Ուկրաինայի պատերազմը աղետ է ամբողջ տարածաշրջանի համար. մինչ պատերազմը երկրներն ավելի քիչ ուշադրություն էին դարձնում Միջին միջանցքին, սակայն պատերազմից հետո ուշադրությունը մեծացել է, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը, որը ներկայացրել է Կենտրոնական Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը:
«Ադրբեջանի նախագահը նշեց, ես նույնպես ցանկանում եմ կրկնել, որ Վրաստանը հիանալի հարաբերություններ ունի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի հետ։ Մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Ներկայումս մենք մեծ ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքների բարելավման համար, և մայրուղիները, որոնք կառուցման փուլում են, պետք է ավարտվեն մինչև 2024 թ. վերջը»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են, և միասին իրականացվել են շատ կարևոր պատմական նախագծեր, և դա կշարունակվի նաև ապագայում։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նա նշել է, որ Վրաստանը չեզոք, օբյեկտիվ և անկողմնակալ միջնորդ է: «Եռակողմ հանդիպումների կազմակերպումը մեր շահերից է բխում։ Որովհետև այդ տարածաշրջանը պատկանում է մեզ՝ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին։ Մենք իսկապես ցանկանում ենք տարածաշրջանը վերածել հնարավորությունների, խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի»,-հայտարարել է վրացական կառավարության ղեկավարը` ընդգծելով՝ հավատում է համագործակցությանը:
ԱՄՆ-Ը ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓԱԹԵԹՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԻԵՎԻՆ
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։ Այն ներառում է հարյուրավոր զրահամեքենաներ և հետևակի մարտական մեքենաներ, ՀՕՊ միջոցներ և այլ զինատեսակներ՝ հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ Ուկրաինան կստանա զինամթերքներ NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, «Ավենջեր» զենիթահրթիռային համալիրներ, «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, «Սթրայքեր» զրահագնացներ և այլ տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հրթիռներ, հրետանային արկեր, փամփուշտ, գիշերային տեսանելիության սարքեր, պահեստամասեր և այլ սարքավորումներ։
Աջակցության նոր փաթեթի մասին տեղեկությունը հաստատել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 27,4 մլրդ դոլար։
ՌԴ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է. ՄԻՇԵԼ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը դժվարանում է: Ըստ Bloomberg գործակալության՝ Միշելը հայտարարել է. «Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր նոր քննարկում շատ ավելի բարդ է լինում, քան նախորդը»:
Նա հավելել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցների հետևանքով Եվրամիությունում և արևմտյան այլ երկրներում առկա տնտեսական և սոցիալական բոլոր դժվարություններին՝ ԵՄ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել հավելյալ սահմանափակումներ մտցնելու համար։
Կիև այցով ժամանած Միշելը ևս մեկ անգամ իր անձնական աջակցությունն է հայտնել Ուկրաինային գերմանական տանկեր մատակարարելու գաղափարին: Նա ասել է, որ հնարավորության սահմանում կաջակցի, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա: Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, թե առաջիկա շաբաթները վճռական են լինելու Ուկրաինայի հակամարտության համար: Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց ստացել է «Ավանդի համար» շքանշանը: