Ռուսական նավթը Սինգապուրում խառնվում է այլ աղբյուրների հումքի հետ, այնուհետև վերարտահանվում է աշխարհով մեկ: Այսպիսով, Ռուսաստանը նավթի մատակարարումների համար սողանցք է գտել՝ շրջանցելու պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։
Սինգապուրում շահավետ է ռուսական էժան հումքը խառնել այլ աղբյուրներից ստացված մատակարարումներին, բացի այդ, դա օգնում է թաքցնել ապրանքի ծագումը, նշում է թերթը։ Սինգապուրը չի արգելել ռուսական նավթի կամ նավթամթերքի ներմուծումը, սակայն ֆինանսական հաստատությունները չեն կարող ֆինանսավորել կամ գործ ունենալ ռուսական ապրանքների և ընկերությունների հետ։
Vortexa Ltd բեռնափոխադրող ընկերության տվյալների համաձայն՝ Սինգապուրի տերմինալները 2022 թ. դեկտեմբերին երկու անգամ ավելի ռուսական նավթ ու մազութ են ընդունել նախորդ տարվա համեմատ։ Սինգապուրը ստացել է 2,6 մլն բարել նավթ՝ գրեթե 40 անգամ ավելի անցյալ տարվանից։
Պարբերականի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես կարող են միաձուլել և վերարտահանել ռուսական նավթն ամբողջ աշխարհում։