Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրել է մեկնաբանել այս հայտարարությունը:
Միրզոյանը նախ՝ նշել է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում:
«Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: