Բրյուսելյան EUobserver պարբերականը հոդված է հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային հանրությանն աղավաղված ներկայացնելու Բաքվի փորձերի մասին: Ավստրիացի հայտնի գիտնականը պարբերականին բացահայտել է, որ Բաքվի կողմից ֆինանսավորվող լոնդոնյան հայտնի PR ընկերություններից մեկն իրեն խաբել է՝ առաջարկելով ստորագրել Ադրբեջանի կառավարության կողմից վճարվող հոդվածը, որը պատմելու էր Լաչինի միջանցքը փակած կեղծ բնապահպանների մասին:
«Ադրբեջանի ֆինանսավորմամբ պատրաստվող հոդվածում պետք է ներկայացվեր, թե բնապահպանները փակել են միջանցքը բնապահպանական խնդիրների պատճառով, որպեսզի դադարեցվի հանքերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումը: Բայց իրական խնդիրը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով վերջին մեկ ամսվա ընթացքում 120 000 հայի համար ստեղծված հումանիտար արտակարգ իրավիճակն է:
Անմարդկային պաշարումը հավասարազոր է բռնի տեղահանման: Առաջարկվող հոդվածում այդ մասին ոչինչ հիշատակված չէր, փոխարենը Ադրբեջանը՝ նավթային այդ դիկտատուրան, ներկայացվում էր որպես բնապահպանական ակցիաների ջատագով»:
Հոդվածագիրն այս համատեքստում նկատում է. «Ադրբեջանն աշխարհին հայտնի է որպես բնապահպանական խնդիրներ անտեսող երկիր»: Հրապարակման մեջ նշվում է, որ սա նման առաջին դեպքը չէ:
«Ադրբեջանը վերջին տարիներին վատ համբավ է վաստակել լոբբիստական կեղտոտ հնարքների համար, ինչպիսիք են եվրոպացի քաղաքական գործիչների շքեղ ճամփորդությունները և նվերները: Սա բնութագրվում է որպես «խավիարային դիվանագիտություն»:
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը, սակայն, հերքում է հոդվածների պատվիրումը: EUobserver-ի հարցին, թե արդյոք իր երկիրն աշխատո՞ւմ է լոնդոնյան լոբբիստական կազմակերպությունների հետ, նա պատասխանել է. «Ադրբեջանը չի վճարում որևէ լոբբիստական ընկերության»:
Նման հերքումները ծիծաղելի են, քանի որ, ի տարբերություն Բաքվի, Լոնդոնում գործող PR ընկերության ղեկավարը հաստատել է, որ աշխատում են Ադրբեջանի կառավարության հետ:
Երևանից արձագանքելով EUobserver-ի հարցմանը՝ նկատել են, որ միջազգային լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի խավիարային դիվանագիտության թեման մշտապես բավարար ձևով չի լուսաբանվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանի անսահմանափակ լոբբիստական բյուջեին՝ այժմ ցանկացած մեկի համար դժվարացել է արդարացնել Բաքվի՝ միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները:
Եվրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը բացահայտող մեկ այլ հրապարակում էլ արել է շվեդական Blankspot-ը: Դեռ ամիսներ առաջ այս գործակալության հետաքննող լրագրողները գրել էին Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից Ադրբեջան այցի մասին, որի ծախսերը հոգացել էր ադրբեջանական կողմը: Այս անգամ Blankspot-ը ներկայացրել է այդ այցին մասնակցած գերմանացի Նիկլաս Նիենասի հետ բացառիկ հարցազրույցը: Նա նշել է, որ հեռացել է այցը կազմակերպած RUMRA հետազոտական ընկերությունների խմբից, շեշտել՝ հիասթափված է Ադրբեջան այցելած գործընկերների վարքագծից: Նիենասը պատմել է, որ Բաքվից վերադառնալով՝ պատգամավորները Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատությունները փոխարինել են այդ երկրի հետ գազային գործարքներ կնքելու նպատակահարմարության մասին մեկնաբանություններով ու դրական գնահատականներով:
«Ադրբեջան կատարած ուղևորությունը շատ անսովոր էր. չկար ստանդարտ ընթացակարգ: Ես որոշ մանրամասներն իմացել եմ Blankspot-ում հրապարակված հոդվածից: Ես չեմ կարծում, թե միայն Ադրբեջան կատարած այցն է իմ գործընկերներին ստիպել դրական արտահայտվել գազային գործարքի մասին: Ենթադրում եմ, որ դա և՛ ճամփորդության, և՛ այլ պայմանավորվածությունների արդյունք է»:
Հարցազրույցից հետո գերմանացի պատգամավորը մամուլի հաղորդագրություն է տարածել, շեշտել՝ Բաքուն իրենց հրավիրել է Կովսականում «խելացի գյուղի» շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար, բայց չպետք է մոռանալ, որ այդ տարածքը բռնությամբ գրավվել է ադրբեջանական ռեժիմի կողմից: Բացի դրանից՝ ճանապարհորդությունը նախապես պլանավորվել է ու մասամբ վճարվել Ադրբեջանի կողմից։
«Ադրբեջանի բռնապետությունը հարձակվում է Հայաստանի վրա, աջակցում է Ռուսաստանին և բանտարկում ցանկացած քննադատի։ Նման հրավերներով ու թվացյալ մեծահոգությամբ փորձում են աշխարհից քաղաքական աջակցություն ստանալ»,- նկատում է Նիկլաս Նիենասը: