Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ, իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Այդ մասին ասված է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքի էջում:
«Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այցելեցին դպրոց՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Դպրոցականների ուժերով դպրոցի բակում նաև ծառատունկ էր իրականացվել։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանատանը հերթական մեծ աջակցությունը մարզին ցուցաբերելու և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ին՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ նշելով, որ կրթական հաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը նույնպես նպաստում են գյուղական բնակավայրերում կրթության որակի բարելավմանը»,- նշված է գրառման մեջ: