ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկյացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին: Նա նշել է, որ առաջիկա օրերին ակնկալվում է նաև Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնելով նախորդ տարի ԱՄՆ միջնորդությամբ անցկացված հանդիպումների մասին՝ Փրայսը նշել է. «Պատրաստվում ենք անել այն, ինչն առավել օգտակար է: Իհարկե, վերջին ժամանակներս տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք, որ կառուցողական երկխոսությունը վերականգնվի: Պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Պատրաստ ենք գործակցել գործընկերների, կողմերի կամ ԵԱՀԿ-ի միջոցով, կամ անել դա եռակողմ, ինչպես արել ենք նախկինում»:
Անդրադառնալով դեսպան Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողությանը՝ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ գերատեսչությունում կան մի շարք անհատներ, ովքեր խորապես ներգրավված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ պետքարտուղար Բլինքենը:
«Սա նրա անձնական առաջնահերթություններից է։ Բայց մարդիկ, ինչպիսիք են Թորիա Նուլանդը, Քերըն Դոնֆրիդը, Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորապես ներգրավված կլինեն գործընթացում»,- նշել է պաշտոնյան:
Փրայսը նաև հավելել է, որ հանդիպման անցկացումը երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով կորոշեն կողմերը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵԶ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Ադրբեջանը փորձում է մեզ՝ նշված է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի Twitter-ի միկրոբլոգում:
«Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, խնդրում է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող թույլ տալ ևս մեկ Հայոց ցեղասպանություն»,- նշված է գրառման մեջ։
ՌՅՈՒՏԵՆ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԵՏ
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսել։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ՝ շեշտելով նաև, որ այդ հարցում վերջնական որոշումը Կիևինն է:
Քաղաքական գործչի խոսքով՝ նման որոշում կարող է կայացնել միայն Զելենսկին՝ Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ միասին։ Իսկ արևմտյան երկրներն այս հարցում չեն կարող ազդել նրա վրա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է լրջորեն քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու հարցը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Նրա խոսքով, դրանք «հիմնական, համընդհանուր սկզբունքներ են»՝ հարգանք Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, օրենքի գերակայություն և «վնասի փոխհատուցում»։
Ռուսական կողմն արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին՝ նշել է՝ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուն խոչընդոտում է Ուկրաինայի օրենսդրությունը: