Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: