Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն արձանագրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները կեղծ բնապահպաններ են, և նրանց պատճառով Արցախի 120000 հայ բնակչությունը զրկված է սննդի, դեղորայքի և վառելիքի հասանելիությունից:
«Շրջափակումը հանգեցրել է մարդասիրական խորը ճգնաժամի, որը զգալի ազդեցություն է ունեցել հատկապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար: Ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը գրեթե անհնար է դարձել, ինչի պատճառով կա արդեն մեկ մարդկային զոհ: Հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված: Այս մարդասիրական ճգնաժամն ավելի է խորացել, երբ Ադրբեջանն ընդհատել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչի հետևանքով տները, հիվանդանոցները և դպրոցները մնացել են առանց ջեռուցման»:
Բանաձևում նաև շեշտվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումով Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, ինչը դարձել է հետընթացի պատճառ` Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Դատապարտում ենք Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը և ցավում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական հետևանքների համար: Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց և բեռների անխոչընդոտ տեղաշարժը, բնակիչների խաղաղ կյանքը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից, Արցախը լքելու՝ հայերին ուղղված կոչերից, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն ենթակառուցվածքների հետագա գործունեության խափանումից»:
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է փաստը, որ Բաքուն որպես քավության նոխազ է օգտագործում մարդու իրավունքների պաշտպաններին և քաղհասարակության կազմակերպություններին և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում աջակցել նրանց գործունեությանը:
Բանաձևում անդրադարձ կա նաև ռուսական խաղաղապահ զորակազմին, և ընդգծվում է ստեղծված իրավիճակում նրանց անգործությունը։
«ՄԱԿ-ի մանդատին համապատասխան ԵԱՀԿ միջազգային խաղաղապահների կողմից նրանց փոխարինումը պետք է համաձայնեցվի հրատապ կարգով: Կոչ ենք անում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար: Կոչ ենք անում անհապաղ և առանց նախապայմանի վերսկսել Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնված բանակցությունները»:
Բանաձևը եվրապատգամավորները եզրափակել են ԵՄ խորհրդին ուղղված կոչով՝ ակտիվորեն ներգրավված լինել և թույլ չտալ, որպեսզի Արցախի բնակիչները պատանդ դառնան Բաքվի գործողություններին։ Փաստաթուղթն ուղարկվել է բոլոր միջազգային կազմակերպություններին: