ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին:
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կիկաբիձեն կինոյում նկարահանվել է 1966 թվականից և նույն տարում ընդունվել է «Օրերա» համույթ: Կինոյում նա առաջին անգամ հանդես է եկել ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում:
Բացառիկ հեղինակության և տաղանդի տեր արտիստի արվեստը դարձել է միլիոնավոր մարդկանց ներշնչման, գեղարվեստական վայելքի և լավատեսության առիթ: Հայերի համար նրա կերպարը թանկ էր կրկնակի, քանի որ անբաժանելի էր հայ մեծ արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կյանքի և ստեղծագործական գործունեության ընթացքից: Կիկաբիձեի ամենահիշվող դերերից Վալիկո Միզինդարիի կերպարն է՝ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1978 թվականին և արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի:
Արտիստը կյանքից հեռացել է 84 տարեկանում: