Խորհրդարանական ճեպազրույցները սկսվեցին Գեղարքունիքի մարզում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Ապա «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց՝ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Առաջին միտքը, որ առաջանում է. գոնե թողենք մարմինները սառչեն, նոր կեղտոտեք քաղաքականությամբ: Ինչ-որ պաշտոնանկություններ եղել են, ես տեսա...
Զորամասում հակահրդեհային անվտանգության համար պատասխանատուները պետք է պատասխան տան՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավարի գնահատականն է այսօրվա ողբերգական դեպքին:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Ցավալի միջադեպ է։ Մենք ունենում ենք զոհեր և կորուստներ մարտական գործողությունների ժամանակ՝ Հայրենիքի պաշտպանության ժամանակ, դա դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, քանի որ առանց անձնազոհության ու հերոսության անհնար է ապահովել Հայրենիքի պաշտպանությունը։ Բայց հարաբերական խաղաղ պայմաններում, ռազմական գործողություններից դուրս նման կորուստներ կրելն ուղղակի անընդունելի է:
Խորհրդարանական մեծամասնությունն ակնկալում է, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը, պատասխանելով հարցին, թե կլինի՞ քաղաքական պատասխանատվություն, և պաշտպանության նախարարն արդյոք հրաժարական կտա՞, նշեց՝ թե՛ քաղաքական և թե՛ քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսեն, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու, կներեք, վզին:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԼԱՉԻՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
Ճեպազրույցում չշրջանցվեցին ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը: Ընդդիմադիր Հայկ Մամիջանյանն առանձնացրեց Եվրոպական խորհրդարանում շրջանառվող՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ բանաձևի կարևոր դրույթները: Շեշտեց՝ տեքստում օգտագործվել է «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Կարևորվում է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի պարտավորությունների խախտում է: Հայաստանի իշխանությունները դադարել են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից, բայց շրջանառվող բանաձևում դա հստակորեն նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը:
Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրեն Լաչինի միջանցքը ապաշրջափակելու և Արցախում սկսված հումանիտար ճգնաժամը լուծելու նպատակով` ընդգծեց խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա կարծիքով՝ Բաքվի նպատակն է առաջ տանել «միջանցքի» տրամաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլև Սյունիքի մարզում։
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ դրա համար պատասխանատու են Ռուսաստանն ու Ադրբեջանը, բայց չի հիշեցնում մեր ժողովրդին, որ այդ փաստաթղթի տակ ստորագրել են նաև իրենք՝ Հայաստանի ղեկավարությունը: Ակնհայտ է, եթե դու ստորագրել ես այդ փաստաթուղթը, որոշակի պատասխանատվություն դու պետք է զգաս:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄՈԶՄԱՄԲ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՄ Է
Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ փակուղում է նաև իշխանությունների խոստացած խաղաղության պայմանագրի գործընթացը: Կառավարող ուժը, մինչդեռ, հորդորեց չշտապել նման եզրակացություն անելիս:
Սարգիս Խանդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանը վերջին առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի: Մենք մեր ուղենիշներից չենք ընկրկում և շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա:
Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, ըստ Խանդանյանի, հայկական կողմի համար կարևոր է երաշխիքների հատվածը: Պատգամավորը նշեց՝ միջնորդներից ակնկալում են, որ կարողանան ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը և դրանց ձևակերպումը խաղաղության պայմանագրում:
Հեղինակ՝ Անի Օհանյան