ՀՀ ԱԺ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկեցին մեկ րոպե լռությամբ հարգել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակը:
Այնուհետև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ պատասխանատուներին պարզելու և նրանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը:
«Այս պահին իրենց պաշտոններից ազատված բոլոր պաշտոնյաների կամ նրանց, որոնց գործունեությունը կասեցված է, քանի դեռ դեպքի մանրամասները հայտնի չեն, պատասխանատվության տիրույթում են գտնվում հրդեհային անվտանգության հարցերը:
Բնական է, որ առաջին քայլով պետք է կասեցվեին այդ պաշտոնյաների պաշտոնավարումները, որովհետև նրանց պատասխանատվության տիրույթում գտնվող դեպք է տեղի ունեցել: Այստեղ քավության նոխազ գտնելու խնդիր չէ, խնդիրը պատասխանատուներին գտնելն ու նրանց քրեաիրավական կամ քաղաքական պատասխանատվության ենթարկելն է»,- ասաց նա: